Հիդրոմետը նույնպես արձագանքել է Սեւանի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներին

Հիդրոմետը նույնպես արձագանքել է Սեւանի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներին

ԷկոԼուր

«Ներկայիս հիդրոօդերևութաբանական պայմանները ստիպում են ավելի լուրջ մոտենալ ջրօգտագործման հարցերին։ Տեղումները նորմայից քիչ են գրանցվել, օդի ջերմաստիճանը` բարձր, իսկ ձյան ծածկույթի բարձրությունը զգալի քիչ է նորմայից: Գետերի ելքերը նույնպես նորմայից ցածր են, և սա նշանակում է, որ մենք պետք է ոռոգման համար նախատեսված ջուրը հնարավորինս խնամքով օգտագործենք, որովհետև տարին սակավաջուր է լինելու»- ապրիլի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ՀՀ ԱԻՆ) Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լեւոն Ազիզյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։


Չնայած այս հայտարարությանը՝ Լեւոն Ազիզյանը նշել է, որ Սեւանա լճի մակարդակը կբարձրանա։ «Հիմք ընդունելով սպասվող եղանակային պայմանների և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումների ճշգրտումները՝ լճի մակերևույթից գոլորշացման նորմատիվային մեծությունները, ինչպես նաև այն, որ Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխման ենթակա ջրի քանակը նախատեսվում է 120 միլիոն խմ, իսկ «Սևանի մասին» ՀՀ օրենքի համաձայն` լճից ջրառը ոռոգման նպատակով թույլատրվում է առավելագույնը 170 միլիոն խմ, 2014թ. հուլիսի 1-ին 2014թ. ապրիլի 1-ի համեմատությամբ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 20-25 սմ-ով՝ 1900.40-1900.45 մ սահմաններում, իսկ 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.11-1900.16մ սահմաններում, որը լավագույն դեպքում կհամապատասխանի 2014 թ. հունվարի 1-ի մակարդակին, կամ դրանից 5-7 սմ ցածր»։

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը որոշեց ոռոգման նպատակով Սեւանա լճից ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 միլիոն խմ: Այդ չափաքանակով ջրառը կիրականացվի մինչեւ օգոստոսի 2-րդ տասնօրյակը։ Դրանից հետո  ջրառը կավելանա, եթե Ազգային ժողովը ընդունի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսված է մինչև 2019թ. հունվարի 1-ը Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն մ3։ Այդ պարագայում, ինչպես ահազանգում են բնապահպանները, Սեւանի մակարդակը ոչ թե կբարձրանա, այլ կիջնի, ինչը լուրջ բացասական հետեւանքներ կունենա լճի համար։

Ապրիլ 29, 2014 at 13:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր