

ԷկոԼուր
Մարտի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատեց գործադիրի 2014-2017թթ․ ծրագիրը։ Ծրագրի կետերից է Հայաստանում իրականացվելիք ջրամբարաշինությունը, որը թեթեւացնելու է Սեւանի բեռը եւ բարելավելու է հողագործական աշխատանքների արդյունավետությունը։
Մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս առումով մասնավորապես ասել է․ «Ջրամբարների կառուցման խոշորածավալ ծրագիրը, որին ես ավելի մանրամասն կանդրադառնամ քիչ հետո, դժվար է առօրեական համարել: Այն միտված է Հայաստանի Հանրապետությունում ջրերի կառավարման ռազմավարական խնդիրների լուծմանը և ունի հեռու գնացող ազդեցություն՝ թե՛ մեր հարևանների հետ հարաբերություններում, թե՛ Սևանի և Արարատյան դաշտավայրի բնապահպանական խնդիրների լուծման, թե՛ մարզերում տնտեսական զարգացման, թե՛ գյուղացու՝ հայրենի հողի հետ կապը ամրապնդելու կենսական խնդրի վրա:
Այն պահանջելու է բազմամիլիարդանոց ներդրումներ, բանակցություններ տարբեր գործընկերների, մանրակրկիտ աշխատանք համայնքների և այլ շահառուների հետ, բարձրորակ շինարարական աշխատանքների հետևողական իրականացում: Հեշտ չի լինելու: Բայց անպայմանորեն լինելու է, և իր ազդեցությունը գյուղում լինելու է էական, լինելու է զգալի շատերի համար: Մարդիկ փոփոխություն են զգալու:․․․․
2014-2017 թվականների ընթացքում կսկսվեն չորս կարևորագույն՝ Կապսի, Վեդու, Եղվարդի և Մաստարայի ջրամբարների նախագծման և շինարարության համակարգված աշխատանքները: Ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում, որը հնարավորություն կտա կուտակել նվազագույնը 145 մլն, իսկ առավելագույնը` 180 մլն խորանարդ մետր ջուր: Ջրի ռազմավարական պաշարների այս մակարդակի ամբարումը հնարավորություն կտա կայունացնել ոռոգման գործընթացը հանրապետության տարածքի զգալի մասում:
Այս ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն թեթևացնելու Սևանի բեռը, կարգավորելու Արարատյան դաշտավայրի ջրավազանային խնդիրները, այլև զգալիորեն բարելավելու հողագործական աշխատանքների արդյունավետությունը: Համակցելով այս ծրագիրը գյուղատնտեսական սուբսիդավորման ավելացվող ծավալների հետ` կառավարությունը պայմաններ կստեղծի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների եկամուտների շարունակական աճի համար․․․»։
Մայիս 20, 2014 at 18:13
