ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպել է բնապահպանության ոլորտի 26 գիտնականների հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպել է բնապահպանության ոլորտի 26 գիտնականների հետ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մայիսի 26-ին հանդիպել է բնապահպանության ոլորտում գիտական գործունեություն ծավալած ՀՀ ԳԱԱ և Հանրապետության առաջատար բուհերի 26 գիտնականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արամայիս Գրիգորյանն, ընդգծելով գիտական ներուժի դերը ոլորտի զագացման և առկա խնդիրների կարգավորման հարցերում, նշել է. ‹‹Այս հանդիպումն առաջինն է, բայց ոչ վերջինը. միասին մենք ճանապարհ ունենք անցնելու: Իմ ցանկությունն է, որ կարողանանք միասնաբար, միմյանց հետ համագործակցելով և գիտականորեն հիմնավորված քայլերով գործնականում նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը››:

Գիտնականները բարձրացրել են բնապահպանության ոլորտում իրենց հուզող մի շարք հարցեր, որոնց նախարարը խոստացել է առավել խորը և հանգամանորեն անդրադառնալ առաջիկայում: Քննարկվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության և գիտնականների միջև հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերի մշակման հարցը:

Գիտնականները պատրաստակամություն են հայտնել իրենց ուժերի ներածին չափով աջակցելու նախարարության նախաձեռնած բնապահպանական ծրագրերի իրագործմանը: Նախարարն էլ իր հերթին նշել է. ‹‹Ես ձեր կարիքն ունեմ, բոլոր կարևոր որոշումներում ես հաշվի եմ  առնելու ձեր կարծիքը, եզրակացություններն ու դիտարկումները՝ ճիշտ և հիմնավորված որոշումներ կայացնելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով: Ես այս ուղին եմ ընտրել և հուսով եմ, որ դուք էլ ինձ հետ կընթանաք առկա խնդիրները քայլ առ քայլ լուծելու ճանապարհով››:

Մայիս 28, 2014 at 12:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր