

ԷկոԼուր
Հիմա էլ իշխանավորները երկրում տիրող սակավաջրության մեղքը բարդում են կլիմայի փոփոխության վրա։ Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն արտագնա նիստ անցկացրեց «Սեւան» ազգային պարկում՝ քննարկելու Սեւանա լճի հիմնահարցերը: Բացի հանձնաժողովի անդամներից նիստին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։ Նա մասնավորապես ասել է․«Սևանը մեր հարստությունն է, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը պետք է լինի «Սևան» ազգային հարստության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը: Սևանա լճի հիմնախնդիրը մեր երկրի ռազմավարական նշանակության խնդիրներից է, և պատասխանատու բոլոր գերատեսչությունների ջանքներն ուղղված են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը, ինչը մեզ հաջողվել է, և այսօր մենք ունենք նախատեսվածից ավելի բարձր ցուցանիշ: Սա մեծ ձեռքբերում է, որը պետք է կարողանանք պահպանել: Ինչ վերաբերում է Սևանից լրացուցիչ ջրառի խնդրին, ապա պետք է նշեմ, որ ցավալի է, որ մենք ստիպված ենք նախատեսվածից ավել ջուր բաց թողնել Սևանից, սակայն այս բացթողումը մասնագիտորեն հիմնավորված է` կապված կլիմայական փոփոխություններով պայմանավորված սակավաջուր տարվա հետ»,- նշել է Արամայիս Գրիգորյանը:.
Հիշեցնենք, որ Սեւանից լրացուցիչ ջուր վերցնում են Արարատյան դաշտի 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումն ապահովելու համար, քանի որ պակասել է Սեւ ջուր գետի ջրատվությունը։ Այս գետը սնվում է Արարատյան դաշտի ինքնաշատրվանող հորերից և աղբյուրներից, որոնց ջուրը պակասել է ձկնաբուծարանների գործունեության հետեւանքով։ Արարատյան դաշտում կա 190 ձկնաբուծարան: ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1.496 միլիարդ խորանարդ մետր ստորերկրյա ջրի ջրօգտագործման թույլտվություն, որը վերականգնվող պաշարից 300 միլիարդ խորանարդ մետրով ավելի է: 7 տարվա ընթացքում Արարատյան դաշտի 303 հորերից 122-ը չորացել են: Չորացել են նաեւ աղբյուրները: Նման պարագայում պարզվում է, որ մեղավոր են կլիմայական փոփոխությունները։
Հունիս 30, 2014 at 16:38
