Սեւանա լճից ոչ մի խորանարդ մետր ջուր առանց հաշվառման բաց չի թողնվում….

Սեւանա լճից ոչ մի խորանարդ մետր ջուր առանց հաշվառման բաց չի թողնվում….

Լեւոն Վարդանյան, ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ՊՈԱԿ-ի տնօրեն

Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը գրանցվում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության Գեղամավան դիտակետում: Ինչպես բոլոր ջրաչափական դիտակետերում, այնպես էլ այս դիտակետում դիտարկումներն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան:

Ջրի մակարդակները բերվում են մեկ պայմանական հարթության՝ զրոյական նիշի, որի բարձրության նիշը հաստատուն է մնում դիտակետի ողջ գոյության ընթացքում: Գեղամավան դիտակետում մակարդակի դիտարկումները կատարվում են հասարակ, ինքնագրային և հեռակառավարվող մեթոդներով:

Դիտակետում տեղադրված է ջրաչափական չափաձող, որի բարձրության նիշը որոշված է 4-րդ դասի նիվելիրացմամբ և ամերիկյան գերժամանակակից «Stevens» ինքնագիր (դրանք կովկասյան տարածաշրջանում երկուսն են և տեղադրված են Սևանա լճի ավազանում), որը գրանցում է տվյալները միլիմետրային ցանցի վրա, միևնույն ժամանակ 15 րոպե հաճախականությամբ, արբանյակային կապի միջոցով, ծածկագրված տվյալներն ուղարկում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության (այսուհետ՝ ծառայություն) համապատասխան բաժնին:

Դիտակետի համար գործում է ջրի մակարդակի (H) և ջրի ելքի (Q) կախվածության կապի աստիճանավորման աղյուսակ՝ յուրաքանչյուր միավորի համար: Դիտակետում ջրի մակարդակի դիտված արժեքով որոշվում է ջրի ելքը՝ «արագություն-մակերես» մեթոդի կիրառմամբ, որն ամենատարածված մեթոդն է հիդրոմետրիայում: Հոսքի լայնակի կտրվածքի մակերեսը որոշվում է խորության չափման արդյունքներով, իսկ ջրանցքի կենդանի կտրվածքի առանձին կետերում արագությունները չափվում են ջրաչափական պտուտանով:

Ջրի հոսքի արագության չափման համար օգտագործվում են ГР-21м; ИСП-1м մոդելների ջրաչափական պտուտաններ, որոնք կիրառվում են տարբեր երկրների հիդրոլոգիական ծառայությունների կողմից:

            Հետևաբար, նշված եղանակով Գեղամավան դիտակետում ջրի ելքը չափելիս կասկածից վեր է տվյալների անճշտությունը:

            Վերջին 12 տարիներին Գեղամավան դիտակետում Սևանա լճից բաց թողնված ջրի տարեկան ծավալների, միջին օրական մեծությունների և բացթողման սկզբի ժամկետների ու տևողության մասին տեղեկատվությունը տրված է  աղյուսակում:

Աղյուսակ

Տարի 

Բաց թողնման սկզբի ժամկետը 

Բաց թողնման տևողությունը, օր

Բաց թողնված ջրի միջին օրական ծավալը, մլն.խոր.մ

Գումարային բաց թողումը, մլն.խոր.մ

2002

18.06

117

0.85

99.46

2003

13.06

129

0.92

118.31

2004

14.06

149

1.00

149.00

2005

14.06

141

1.06

149.55

2006

07.06

110

1.38

152.00

2007

11.06

122

1.27

155.00

2008

23.04

174

1.75

303.69

2009

11.06

99

1.28

126.49

2010

11.06

110

1.43

157.74

2011

21.06

96

1.75

168.33

2012

02.05

147

2.16

317.62

2013

11.06

90

1.89

169.95

2014

23.04

126

2,13

268,50

Սևանա լճի մակարդակի փոփոխությունները

2002թ.-ից սկսած Սևանա լճի ջրային հաշվեկշիռը տարեկան կտրվածքով դրական է, որով պայմանավորված նկատվում է լճի մակարդակի շարունակական բարձրացում (նկ.1)  ընդ որում, ջրային հաշվեկշռի տարրերը իրենց մեծությամբ գրեթե կրկնվում են ամեն տարի, բացառություն են կազմում 2008, 2012թ. 2013 և 2014թթ:

Սևանա լճի մակարդակի փաստացի և բարձրացման ժամանակացույցով հաստատված արժեքների համադրությունը

Առանձնահատուկ տարիներ էին հատկապես 2013 և 2014թթ.: Այդ տարիներին, գետային հոսքի հիմնական փուլի՝ գարնանային վարարումների հոսքը ձևավորող հիդրոօդերևութաբանական պայմանները անբարենպաստ են եղել: Այսպես.

  • աշնանային ժամանակաշրջանում դիտված տեղումները նորմայից բավական ցածր են եղել  պայմանավորելով հողի խոնավության ցածր արժեքներ,
  • մարտ ամսվա ընթացքում դիտված բարձր ջերմային ֆոնը պայմանավորել է կուտակված ձյան պաշարների աստիճանական հալք, հագեցնելով հողի խոնավության պակասորդը,
  • ապրիլ-մայիս ամիսներին դիտված տեղումների գերակշիռ մասը (90%) եղել են ոչ ցիկլոնային բնույթի (ներզանգվածային) ընդգրկելով լոկալ շրջաններ, որոնք հոսքի վրա էական ազդեցություն չեն թողնում:

Վերը նշված պայմանները համալիր կերպով բացասական ազդեցություն են թողել հոսքագոյացման պրոցեսի և լճի մակարդակի բարձրացման վրա: Նկարում բերված են ջրային հաշվեկշռի հիմնական տարրերի մոդուլային գործակիցների (տվյալ տարվա արժեքի հարաբերությունը նորմային) դինամիկան, ինչպես նաև լճի մակարդակի ներտարեկան փոփոխությունները 2002-2014թթ.:

Սևանա լճի ջրային հաշվեկշռի տարրերի մոդուլային գործակիցների և մակարդակի փոփոխության դինամիկան 2002-2014թթ.համար

(2014թ. տվյալները տրված են 27.08.2014թ. դրությամբ)

Ինչպես երևում է նկարից, այն տարիներին երբ գետային հոսքի և մթնոլորտային տեղումների արժեքները նորմայից բարձր են (≥1), իսկ գոլորշիացման արժեքները ցածր, նկատվում է լճի մակարդակի բարձրացում, ընդ որում, ամենից մեծ բարձրացում դիտվել է 2007թ.-ին՝ 54 սմ, իսկ 2012թ.-ին գրանցվել է բացասական հաշվեկշիռ՝ -3սմ:

2014թ. նույնպես կանխատեսվում է բացասական հաշվեկշիռ 9-12 սմ-ի սահմաններում:

Այսպիսով, Սևանա լճի մակարդակի փոփոխության և լճից բացթողնման հետ կապված վերլուծություններ կատարելիս անհրաժեշտ է, չմոռանալ և կարևորել լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորող գլխավոր գործոնը՝ բնական հիդրոօդերևութաբանական պայմանները:

Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել այն անհիմն մտքի վրա, թե լճից կատարվող ջրառի տվյալները ինչ-որ տեղ «սրբագրվում են» և իրական չափերից փոքր ներկայացվում: Հստակեցնեմ. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հանդիսանալով ՀՀ տարածքում մակերևութային ջրային օբյեկտների վրա քանակական մոնիտորինգ իրականացնող պատասխանատու կառույց, դրանում շահագրգռվածություն բոլորովին չունի և հակառակը, Սևանա լճի խնդրով մտահոգ մյուս կառույցներից և ՀԿ-ներից պակաս շահագրգիռ չէ Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա էկոլոգիական հավասարակշիռ վիճակի պահպանման հարցերում:

Օգոստոս 27, 2014 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր