Պետբյուջեից 453 261 700 դրամ կհատկացնի Սեւանի 2015թ-ի ծրագրի համար

Պետբյուջեից 453 261 700 դրամ կհատկացնի Սեւանի 2015թ-ի ծրագրի համար

ԷկոԼուր

Սեպտեմբերի 25-ին գործադիրը հաստատեց Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագիրը:

Պետբյուջեից ծրագրի որոշ միջոցառումների իրականացման համար կհատկացվի 453 261 700 դրամ: Այդ թվում, Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում 93 հա անտառաշերտերի մաքրման համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի  125 400,000 դրամ: Հիշեցնենք, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի տակ կանցնի 3500 հա անտառածածկ տարածք: Սակայն վերջին տարիներին Սեւանի մակարդակը ոչ թե բարձրանում է, այլ իջնում: 2012թ-ին գրանցվեց լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ. Լիճն իջել էր 3 սմ-ով, իսկ 2014թ-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի տվյալներով  սակավաջրության պատճառով լճի մակարդակը կիջնի 9-12 սմ-ով:

Սեւանա լճում արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովման համար պետբյուջեն ինչպես ամեն տարի, այս տարի եւս հատկացնում է 60 000 000: Չնայած կառավարության ամենամյա ֆինանսական հատկացումներին` Սեւանա լճում էնդեմիկ իշխանի արդյունագործական պաշարները չեն վերականգնվում, պատճառը ձկների ձվադրման վայրերի ոչնչացումն է, Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը, որոնք ոչնչացնում են ձվադրման համար գետերի ակունքներ բարձրացող իշխաններին,  ձկնագողությունն է: 

Նշենք, որ չնայած արգելված է Սեւանում էնդեմիկ ձկնատեսակների որսը, սակայն ձկնագողությունը  չի վերանում: Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներն ապրում են սոցիալական ծանր պայմաններում, խստաշունչ կլիմայի պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվելը եկամտաբեր չէ, տնտեսական գործունեությունը սահմանափակվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով, աշխատատեղեր չկան, եւ մարդիկ իրենց ապրուստի միջոցը տեսնում են կամ ձկնորսությունը, կամ արտագաղթը: Ի դեպ,  Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրում Գեղարքունիքի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մասին թեպետ նշված է, սակայն պետական բյուջեից հատկացումներ նախատեսված չեն:

267 861700 դրամ պետբյուջեից կհատկացվի «Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար: Հիշեցնենք, որ «Սեւան» ազգային պարկի տարածքում կա 97 տեսակի Կարմիր գրքում գրանցված տեսակ:

Ծրագրով նախատեսված է նաեւ Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, Սևանա լճի ավազանի ինժիներաեկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում, Սևանա լճի ջրհավաք ավա­զա­նում հանքավայրերի շահագործման ար դյունքում խախտված հողատարածքների ռեկուլ տիվացիա, Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգ նման աշխատանքների ավարտում:

Սեպտեմբեր 30, 2014 at 12:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր