

ԷկոԼուր
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Այն հռչակել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1992թ-ին` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սեւեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ:
«Դեռեւս փոքրուց ես իմացել եմ, թե ինչ բան է երկրաշարժը, շատ փոքր էի, երբ ծնողներս երկրաշարժ գոչելով դուրս թռան` մեզ գրկերն առած: Բայց որ 88-ի երկրաշարժը կլիներ, արհավիրք, ահավոր աղետ ու որի հետեւանքով ես արդեն 25 տարի սայլակի վրա կմնայի, չէի սպասում» ՀՀ տարաքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության 911 փրկարար ծառայության աշխատակցուհի Նելլի Չարչյանը:
1988-ի ավերիչ երկրաշարժի արդյունքում 14 տարեկան հասակում հաշմանդամ դարձած Նելլի Չարչյանը մեր իրականության մեջ այն քչերից է, ով մեծ դժվարություններ հաղթահարելով, ինտեգրվել է հասարակության մեջ եւ ինքն է օգնում մարդկանց:
Ներկայացնում ենք Նելլի Չարչյանի ելույթը, որով նա հանդես եկավ Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցին ընդառաջ դեկտեմբերի 3-ին կազմակերպված Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ:
«Ինչպես սկսեց երկրաշարժը, ես չեմ էլ կարող բացատրել, որովհետեւ ես չգիտեի, թե դա ինչ բան էր, որոտ ու սարսափելի որոտ ու փոթորկում հայտնված նավի նման մեր դպրոցը սկսեց տատանվել, ու թե ինչ էր պետք անել, ես չգիտեի: Միայն հասցրեցի նստածս տեղից բարձրանալ, աղեկտուր ճիչ ու էլ ոչինչ չեմ հիշում: Դպրոցում 8-9 իմ դասընկերները մահացան տեղում, հենց մենակ այն պատճառով, որ չգիտեին, թե ինչ պետք է արվեր: Ես էլ չեմ ասում` ամբողջ դպրոցից շատ-շատ զոհեր ունեցանք: Հիշում եմ, որ հայրս հանեց ինձ, ու դպրոցի կողքն այնքան պառկեցի, մինչեւ հայրս օգնեց մյուսներին էլ: Այն ժամանակ օգնելը որն էր, ով, ինչպես կարողանում էր, բահերով ու քլունգներով աշխատում էին հանել ու շատ դեպքերում ավելի շատ վնասում էին, քան օգուտ էին տալիս, որովհետեւ, մեկի վրայից վերցրած պանելը մյուսի վրա դնելով, սպանում էին տակի կենդանի մնացածներին: Երկրաշարժից հետո հենց գիտելիքների պատճառով շատ մեծ սթրես էր ինձ համար. 14 տարեկան, 15-ը դեռ չբոլորած երեխա, ինչ պետք է անեի, ինչու չէին քայլում իմ ոտքերը, ոչ մեկ չէր կարող բացատրել, իսկ ես ընդհանրապես չէի հասկանում` ինչու այդքան սարեր վազած ոտքերս հանկարծ լռեցին: Հետո մեզ տեղափոխեցին արտասահման, արտասահմանում ավելի շատ էին գիտելիքները, հոգեբաններ էին աշխատում մեզ հետ, աշխատում էին ինտեգրել մեզ հասարկություն հոգեբանորեն, որ մենք էլ այդ հասարակության մի մասն ենք եւ իրավունք ունենք ամեն ինչի: Բայց հետ վերադառնալով արդեն Սովետական Միություն, որտեղ բացարձակ գոյություն չուներ ոչ հոգեբանություն, ոչ գիտելիքներ աղետների ու երկրաշարժերի մասին, եկա ու հայտնվեցի մի տեղ, որտեղ ես դարձա ռուսների ասած` белая ворона: Ինձ չէի զգում մարդ, չգիտեի` ինչ անեի: Ես շատ աշխույժ եմ եղել, կյանքով լի եմ եղել ու հանկարծ հայտնվեցի ինչ-որ մի տեղ, որ ես ոչ մի բանի պիտանի չէի: Բայց չէի էլ ուզում հանձնվել ու ամեն կերպ աշխատում էի օգտակար լինել: Չգիտեմ ինչի, ինձ ի վերուստ տրված էր մարդկանց օգտակար լինել: Մեր նախարարությունը ինձ տվեց շանս, որ ես մարդկանց կարողանամ օգտակար լինել: Ես ամեն մի զանգին եթե կարողանում եմ 10 տոկոսով, 5 տոկոսով ինչ-որ մեկին մի քիչ գոնե օգնել, ես ինձ մարդ եմ զգում: Ունեի մեծ երազանքներ, որոնք երկրաշարժից հետո կարծես թե մնացել էին, չգիտեմ, եթե չէին փակվել, գոնե օդում կախված էին մնացել ու չէի էլ կարծում, որ ինչ-որ ժամանակ ես կկարողանամ աշխատել, ես կկարողանամ փող վաստակել, ու ամենից շատը ես կկարողանամ մայրիկ դառնալ: Ինձ շատ օգնեցին իմ փրկարար ընկերները, դարձան իմ մեծ ընտանիքը, ովքեր փրկեցին ինձ: Հայաստանում ես ոչ մեկ չունեի, ես մի րոպե չեմ զգացել ինձ մենակ: Ես շատ ուրախ եմ, որ ես բալիկ ունեմ հիմա ու ես մեծ ցանկություն ունեմ, որ իմ բալիկը մեծանա իրազեկված, իմ բալիկը մեծանա մեր կոլեկտիվի հետ ու ինչու չէ, եթե մի օր կարողանա ինչ-որ մեկին փրկել, ինչ-որ մեկին օգնության ձեռք մեկնել, ես ինձ լռիվ կայացած մարդ կհամարեմ»:
2014թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 195925 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում` հաշմանդամ 8020 երեխա: Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը:
Դեկտեմբեր 03, 2014 at 17:04
