

ԷկոԼուր
2014թ. Հայաստանի էներգահամակարգի ընկերությունների վարկային պարտավորությունները կազմել են 151,1 միլիարդ դրամ: Այս մասին սույն թվականի հունվարի 14-ին` տեղի ունեցած 2014 թվականը ամփոփող մամուլ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Հայաստանի էներգահամակարգում իրականացված աշխատանքների ֆինանսավորման համար էներգահամակարգի պետական մասնակցությամբ ընկերությունները ներգրավել են երկարաժամկետ բյուջետային վարկեր՝ շուրջ 140,3 մլրդ դրամ: Միաժամանակ, համակարգի պետական ընկերությունները առևտրային բանկերից ներգրավել են 10,8 մլրդ դրամ առևտրային վարկեր, քանի որ սարքավորումների անվտանգ և հուսալի շահագործման ապահովման համար սակագներում այդ նպատակներով բավարար միջոցներ նախատեսված չեն, ասել է նախարարը: Նա նշել է, որ ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործման հետևանքով ընկերություններում առաջացել են առևտրային կրեդիտորական պարտավորություններ օգտագործված էներգակիրների, ապրանքների և ծառայությունների գծով՝ 23,8 մլրդ դրամի չափով:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ առաջացած խնդիրների գլխավոր պատճառներից են՝ 2012-2014թթ. մարժային տարիներին ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառը, ջրի սակավությամբ պայմանավորված՝ ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, որը կազմել է շուրջ 27,6 մլրդ. դրամ: Այդ գումարից 3,8 մլրդ. դրամը փոխհատուցվել է, իսկ ընթացիկ մարժային տարում (մինչև 2015թ. օգոստոսը), նախատեսված է փոխհատուցում ևս՝ 9,2 մլրդ. դրամ:
Երվանդ Զախարյանն ասել է, որ հիմնականում գործող սակագները չեն արտացոլում ընկերություններին անհրաժեշտ ծախսերը՝ ուղղված շահագործմանն ու անվտանգություն ապահովող միջոցառումներին: Որոշ ընկերություններում պլանավորվում է ամորտիզացիա և շահույթ, այն դեպքում, երբ մյուս ընկերություններում դրանք չեն նախատեսվում: Արդյունքում մի ընկերությունը աշխատում է վնասով, մյուսը՝ գերշահույթով:
Հունվար 19, 2015 at 16:03
