

ԷկոԼուր
էներգախնայողությունը դառնում է արդիական ուղղություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում: Այս կապակցությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը փետրվարի 20-ին նախարարությունում հրավիրեց կլոր սեղան: Նա ներկայացրեց էներգետիկայի ոլորտում տիրող իրավիճակը. «Հիմա ինչքան մենք շատ ենք սպառում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մեր էլեկտրաէներգիան կթանկա, որովհետև մեր էժան էլեկտրաէներգիայի ռեսուրսը սահմանափակ է: Ինչքան ավելի շատ ենք սպառում, պարտավոր ենք գնել մեր ՋԷԿ-երից և այն ՋԷԿ-երից, որոնք այդքան էլ արդյունավետ չեն աշխատում և 2018 թվականին պետք է շահագործումից դուրս գան: … 2014 թվականին Որոտանը արտադրել է նախատեսվածից 150 միլիոն կՎտ/ժամ ավելի քիչ էլեկտրաէներգիա: Դրա միակ պատճառը սակավաջուր տարի լինելն էր: Փոքր ՀԷԿ-երը պետք է արտադրեին 830 միլիոն, արտադրել են 685 միլիոն: Այս տարբերությունը, որ ունենք, մենք գնել ենք Հրազդան ՋԷԿ-ից, որի սակագինը մոտ 60 դրամ է»: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը Էլեկտրաէներգիայով ապահովելու համար չնախատեսված լրացուցիչ գնում է կատարել:
«Հիմա ինչքան մենք քիչ սպառենք, այդքան քիչ կգնենք, ինչքան շարունակենք շատ սպառել, մեր ատոմակայանը ավելի չի կարողանա արտադրել, մեր ՀԷԿ-երը ավելի չեն կարողանա արտադրել, պիտի ավել արտադրի միայն ՋԷԿ-ը, դրա համար էլ թանկանալու է»,- ասաց փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ, 2008 թվականին հետազոտության համաձայն, Հայաստանում հնարավոր էր խնայել մոտ 150 միլիարդ դրամ` էներգախնայողության միջոցառումներ իրականացնելով: «Հիմա գրեթե 40-45% գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են, և մենք հիմա կարող ենք խնայել 200 միլիարդ դրամից ավել», - եզրակացրեց Հայկ Հարությունյանը:
Կլոր սեղանի մասնակիցները էներգաարդյունավետության սեկտորի ուժեղացման համար տարբեր առաջարկություններ արեցին: Փոխնախարարը նշեց, որ լավագույն առաջարկությունները հնարավոր է` ֆինանսավորվեն:
Փետրվար 24, 2015 at 16:01
