ՀՀ Օմբուդսմենի զեկույց` ՀՀ բնապահպանության նախարարությունը 2014թ-ին 2332 օբյեկտի փոխարեն ստուգել է 120-ը

ՀՀ Օմբուդսմենի զեկույց` ՀՀ բնապահպանության նախարարությունը 2014թ-ին 2332 օբյեկտի փոխարեն ստուգել է 120-ը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում չի ձեռնարկել բնապահպանության ոլորտում խախտումների կանխարգելման արդյունավետ միջոցներ, ինչպես նաև չի իրականացրել անհրաժեշտ քանակությամբ բնապահպանական տեսչական ստուգումներ` բացահայտելու և կանխելու հնարավոր խախտումները: Այս մասին նշված է Օմբուդսմենի «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում:

«Նախարարությունը 2014 թվականին նախատեսել էր տեսչական ստուգումներ իրականացնել 2332 օբյեկտում, սակայն փաստացի ստուգվել են 120-ը: 2013 թվականի ցուցանիշների հետ համեմատ` 2014 թվականին 120 օբյեկտում ստուգումներ իրականացնելու արդյունքում գրանցվել է նաև խախտումների, հասցված վնասի և, հետևաբար, վարչական տուգանքի նշանակման դեպքերի աճ: Բացահայտված խախտումները վկայում են այն մասին, որ Նախարարությունը կամ բավարար քանակի կանխարգելիչ միջոցներ չի ձեռնարկել, կամ ձեռնարկված կանխարգելիչ միջոցները արդյունավետ չեն եղել: Նշենք, որ Նախարարության կանոնադրական խնդիրներից է շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման պետական քաղաքականության ձևավորումն ու կառավարումը: Նշված ցուցանիշներից ակնհայտ է, որ միայն ստուգումների ընթացքում խախտումներ հայտնաբերելը և համապատասխանաբար վարչական պատասխանատվության ենթարկելը չի կանխում նույն խախտումը հետագայում կրկնվելու հավանականությունը: Անհրաժեշտ է ոչ միայն լիարժեք կերպով իրականացնել պատշաճ հսկողություն, այլև խախտումը հայտնաբերելիս պարզել նաև խախտման պատճառը, դրան նպաստող գործոնները, որպեսզի դրանց վերացմամբ հետագայում կանխվեն նմանատիպ խախտումները:

Առաջարկ. բնապահպանական տեսչական ստուգումներն իրականացնել Բնապահպանական պետական տեսչության տարեկան ծրագրին համապատասխան, ներառել ստուգվող օբյեկտների հնարավորինս լայն շրջանակ, ինչպես նաև արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու և խախտումների պատճառները բացահայտելու ու կանխարգելելու ուղղությամբ»,- մասնավորապես նշված է զեկույցում:

Ապրիլ 11, 2015 at 13:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր