

ԷկոԼուր
Սևանա լճի մաքրման աշխատանքների արդյունքում առաջացած թափուկը ներկայում պահեստավորվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Առաջիկայում նախատեսվում է հիմնել վերամշակման կայան, որտեղ հավաքված փայտանյութը կվերածվի այլընտրանքային վառելիքի և որոշակի առումով կթեթևացնի հարակից համայնքների բնակիչների վառելիքի խնդիրը: Այս մասին նոյեմբերի 24-ին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Էյ Թի Փի»/ATP/ հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Բնապահպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել ATP-ի կողմից հավաքագրվող թափուկի վերամշակմանը:
ATP-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ հիմնադրամի 20-ամյա գործունեությունը տվել է իր ցանկալի արդյունքը. Հայաստանի տարբեր տարածքներում տնկեվել է շուրջ 5 միլիոն ծառ և ստեղծվել են տնկարաններ: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ երկու կառույցների համախմբումը միևնույն առաքելության շուրջ կարող է հիմք դառնալ առավել մեծ ծրագրերի իրականացման համար: Կողմերը քննարկել են առաջիկա համագործակցության հեռանկարները, դիտարկել հնարավոր տարածքները, որտեղ կարելի է անտառտնկման աշխատանքներ իրականացնել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ծառահատումների նվազեցման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին, էկոկրթական դասընթացների կազմակերպման և փորձի փոխանակման հեռանկարներին: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նոյեմբեր 24, 2015 at 16:51
