

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Սյունիքի մարզպետարանում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանում, մասնավորապես՝ «Արևիկ» ազգային պարկում վերջերս բռնկված հրդեհներին: Նախարար Գրիգորյանը նշել է, որ առաջիկայում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նախատեսվում են հակահրդեհային ժամանակակից տեխնիկական միջոցների համալրման աշխատանքներ, իսկ մինչ այդ հարկավոր է շարունակել պահպանել զգոնությունը՝ ազգային պարկի հազվագյուտ բուսական և կենդանական աշխարհին պատճառվող վնասներից խուսափելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջարկել է համատեղ ուժերով ձևավորել հակահրդեհային արագ արձագանքման խումբ, լրացուցիչ հսկողություն սահմանել առավել հրդեհավտանգ ժամանակահատվածում:
Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ազդակիր համայնքների բնակչության խնդիրները, որոնց վերաբերյալ նախարար Գրիգորյանը նշել է. «KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր. Հայաստան»-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համայնքների զարգացմանը նպաստող մի շարք միջոցառումներ, որոնք թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով դրական դինամիկա կապահովեն այդ համայնքներում: Բնապահպանության նախարարությունը պատրաստ է լսելու համայնքների բնակիչների առաջարկություններն ու կարծիքները, ներկայացնելու KFW-ի քննարկմանը և հնարավորության շրջանակներում լուծում տալու դրանց»:
Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցների հետ «Շիկահող» պետարգելոցի վարչական շենքում: Քննարկվել են համալիրի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները: Նախարար Գրիգորյանը կարևորել է ԲՀՊՏ-ներում սկսված մոնիթորինգի աշխատանքները և հանձնարարել բացի բուսական աշխարհի մոնիթորինգից իրականացնել նաև ջրաղբյուրների հաշվառում, որոնք հետագայում կնպաստեն հակահրդեհային միջոցառումների, ինչպես նաև էկոտուրիստական նոր երթուղիների մշակման համար:
Համալիրի գիտաշխատողները ներկայացրել են վերջին շրջանում կատարված ուսումնասիրություններն ու ձեռքբերումները, իրականացված մոնիթորինգի աշխատանքները, քննարկվել են նախատեսվող անտառշինական և անտառվերականգնման աշխատանքների մանրամասներ:
Օգոստոս 08, 2016 at 12:20
