

ԷկոԼուր
2016թ-ին Սևանում ձկնորսության արգելքի ժամանակահատվածում առգրավված ձկան քանակը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե նույնն է: Այս մասին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին Սևան կատարած այցի ժամանակ զեկուցել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Գուլանյանը: Նա նշել է, որ արգելքի երկրորդ շրջանը համեմատաբար հանգիստ է անցնում, կանխարգելիչ և բնակչության հետ բացատրական աշխատանքները շարունակվում են, ինչը տալիս է դրական արդյունք:Ներկայում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է մանրաձկան ապօրինի որսի վրա:
Նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ապօրինի գործողություններին, նշել է, որ սկզբունքային նշանակություն ունի այն հարցը, որ դրանց մասնակից չլինեն ազգային պարկի, բնապահպանական տեսչության, համակարգի այլ աշխատակիցներ, նրանք, ովքեր կոչված են ապահովելու պահպանությունը` չդառնան հանցակից կամ օժանդակող օրինախախտներին: Այս համատեքստում կարևորվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման նախագծի մշակումն ու դրա ընդունումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ Սևանա լճում ձկնորսության արգելքը գործում է 2016թ-ի դեկտեմբերի 1-25-ը և 2017թ-ի հունվարի 6-20-ը:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի Գիտական Կենտրոնի տվյալներով՝ 2016թ-ին սիգի արդյունագործական չափի պաշարը Սևանա լճում կազմել է 450 տոննա: Սիգի որս թույլատրելու համար անհրաժեշտ է, որ այդ պաշարը հասնի ամենաքիչը 1000 տոննայի:
Իշխանի արդյունագործական չափի պաշարը Սևանա լճում 1,5 տոննա է: Իշխանի որս թույլատրելու համար բացի այն, որ այս ձկնատեսակը պետք է դուրս գա Կարմիր գրքից, պետք է ամենաքիչը 1000 տոննա արդյունագործական պաշար ունենա:
2016թ-ին խեցգետնի արդյունագործական պաշարները կազմել են 4500 տոննա, կարասի՝ 100 տոննա, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 2 անգամ:
Հունվար 19, 2017 at 15:55
