

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը շարունակում է արտոնություներ տալ Սևանա լճում ձկնաբուծություն զարգացնող ընկերություններին: Մայիսի 11-ին կառավարության որոշմամբ երեք տարով հետաձգվեց «Սևան ակվա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Մեկ այլ որոշմամբ էլ այս ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ազատվեցին մաքսատուրքից:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ընկերությունը նախատեսում է տեղակայել ևս 12 մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում` գործող թվով 12 ցանցավանդակի թիվը հասցնելով 24-ի: Մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն կառուցելու համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1,75 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 0,9 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 85 աշխատատեղ` 2017թ. 230, 2018թ. 220, 2019թ. 220 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց 2 միլիարդ դրամ նվիրաբերել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին` Սևանա լճում ձկնաբուծության համար 12 ցանցավանդակներից բաղկացած ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն տեղադրելու համար: Հիմնադրամը «Սևան ակվա» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետերն է: Հիմնադրամը նաև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի 100 տոեկոսանոց բաժնետերն է, որին գործադիրը նմանատիպ արտոնություններ տվեց սույն թվականի մայիսի 4-ի որոշմամբ:
«Սևան ակվա» և «Սևանի իշխան» ընկերությունները ստեղծվել են «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրականացման համար: Ծրագրով նախատեսվում է մինչև 2024թ-ը Սևանա լճում ցանցավանդակային եղանակով աճեցնել 50 000 տոննա գեղարքունի և ամառայն իշխան:
«Սևան Ակվա» ՓԲԸ-ն իրականացնում է ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղակայվող տնտեսություններում: Ընկերությունը մանրաձուկը ձեռք է բերում «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանից, իսկ ապրանքային ձուկն ամբողջությամբ վաճառվում է «Սևանի իշխան» ՓԲԸ-ին, որն էլ վերամշակման գործարանի միջոցով այն վերամշակում է և իրականացնում է վաճառքն ու արտահանումը:
Ծրագրի հիմնական ռիսկերն են` ջրի որակի վատթարացումը, լճի ճահճացումը, ձկների վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:
Մայիս 11, 2017 at 16:34
