«Սևան» ազգային պարկի կառավարման նոր նախագծով խթանելու են բիզնես ծրագրերը

«Սևան» ազգային պարկի կառավարման նոր նախագծով խթանելու են բիզնես ծրագրերը

ԷկոԼուր

«Սևան» ազգային պարկում ցանկանում են խթանել բիզնես ծրագրեր: Այս մասին ասել է «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը ՀՀ կառավարությունում տեղի ունեցած «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ` նշելով, որ դա նախատեսվում է «Սևան» ազգային պարկի նոր կառավարման պլանով: Մասնավորապես, նախատեսվում է ժամանակակից զբոսաշրջության կազմակերպում և արդյունագործական ձկնորսության և խեցգետնի որսի կազմակերպում, այդ թվում ավազանային, լճակային, ցանցավանդակային ձկնաբուծության զարգացում, դեղաբույսերի հավաքում, վերամշակում, արտադրություն, այլընտրանքային էներգիայի ստացում: Վերոնշյալ տնտեսական գործունեությունների բիզնես պլանները կներկայացվեն «Սևան» ազգային պարկի» զարգացման հայեցակարգի հաստատումից հետո: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը 2017թ-ի նոյեմբերի վերջին լրատվամիջոցներին հայտարարեց, որ Սևանա լճում խեցգետնի պաշարները կրկնակի անգամ կրճատվել են 2016թ-ին հաշվարկված 4800 տոննայից 2017թ-ին հասնելով 2600 տոննայի: Սիգի պաշարը կազմում է 550 տոննա: Սիգի որս թույլ տալու համար անհրաժեշտ է, որպեսզի այս ձկնատեսակի պաշարը հասնի ամենաքիչը 1000 տոննայի: Իշխանի պաշարը 2017թ-ին կազմել է 15-16 տոննա: Այս ձկնատեսակի որսի համար անհրաժեշտ է, որ այն դուրս բերվի ՀՀ կարմիր գրքից: Ըստ Բարդուխ Գաբրիելյանի` Սևանա լճում վատագույն վիճակում են նաև կարասի, կողակի և բեղլուի պաշարները: Պատճառը ապօրինի որսն է և ձվադրավայր հանդիսացող գետերի վատ վիճակը:

Դեկտեմբեր 12, 2017 at 17:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր