Սեւանա լճում որսագողությունը կանգնեցնել հնարավոր չէ. կարծում են պաշտոնյաները

Սեւանա լճում որսագողությունը կանգնեցնել հնարավոր չէ. կարծում են պաշտոնյաները

ԷկոԼուր

Հայաստանը սակավաջուր երկիր է: Մենք 70-ից ավել ջրամբար ունենք և հզոր պոմպակայան, որը չի աշխատում: Մեր ջրային ռեսուրսները քանակական առումով վտանգված են: Այսպես գնահատեց Հայաստանի ջրային ռեսուրսների ներկայիս իրավիճակը ջրաբան-փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը «Սևանա լճի արդի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները» թեմայով բաց հասարակական բանավեճի ժամանակ:

Նշենք, որ արհեստական ջրամբարները պարունակում են մինչև 1 միլիարդ մ3 քազցրահամ ջուր: Իսկ Սևանա լիճը, հանդիսանալով բնական ջրային ռեսուրս, պարունակում է 35 միլիարդ մ3 քազցրահամ ջուր` ապահովելով երկրի անվտանգությունը: Սևանա լճի պահպանման հարցը հանդիսանում է ռազմավարական խնդիր: Այն նաև ապահովում է մեր պարենային անվտանգությունը: Սակայն Սևանա լճում ձկան արդյունաբերական պաշարները գրեթե անհետացել են: Այսպիսով, սիգի պաշարները վերջին 20 տարվա ընթացքում կրճատվել են 5000 անգամ և այժմ, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տվյալներով, կազմում են ընդամենը 6,5-8 տոննա:

Ինչ վերաբերում է Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակներին, մասնավորապես` իշխանին, ապա Սևանի ջրահավաք ավազանի մեջ մտնող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի պատճառով ձկները չեն կարող ձվադրել բնական պայմաններում, այդ պատճառով իշխանի պոպուլյացիան  վերականգնվում է արհեստական ճանապարհով և ամեն տարի լիճ են բաց թողնում արհեստական աճեցրած իշխանի մանրաձկներ: «Եթե իշխանի մանրաձուկը բաց չթողնվի լիճ, նա կոչնչանա, որովհետև նրա ձվադրավայրերը անհասանելի են ձկան համար»,- ասաց  հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոբիոլոգիայի բաժնի ղեկավար Սուսաննա Հակոբյանը:

Ձկնապաշարների կրճատման հիմնական պատճառը մնում է  որսագողությունը:

«Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը  այսպես մեկնաբանեց իրավիճակը. «2005 թվականից արգելված է սիգի որսը, սակայն որքան էլ օրենսդրական դաշտը ապահովի, ֆիզիկապես հնարավոր չէ դա վերահսկել: 43 համայնք անմիջապես գտնվում է լճի ափին: Որսագողի տանից լիճը գտնվում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Մենք կարող ենք բռնի ուժով ձկնգողին հանել լճից, բայց նա հաջորդ օրը գնում է Ռուսաստան: Չի կարելի ձկան համար տեղահանել ժողովրդին: Իմ կարծիքով դրանք համեմատելի արժեքներ չեն...Դեկտեմբերի 5-25-ը կհայտարարվի արգելքի շրջան: Այն տարածքներում, որտեղ տեղի է ունենում ձվադրումը, մարդկանց մուտքը կարգելենք: Իրականացվում են նաև վարչական  տուգանքներ, բայց նաև պատահել է, որ 400 հազար դրամ ակտից հետո մարդը ինքնասպան է եղել: Մենք չենք կարող մարդկանց արգելել ձկնորսությամբ  զբաղվել, դա նույնն է, որ Արարատյան դաշտավայրում բնակվողին արգելես հող մշակել»,- նշեց Վահե Գուլանյանը:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Նոյեմբեր 28, 2013 at 11:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր