

ԷկոԼուր
Հանքարդյունաբերությունը, քարածխով աշխատող ՋԷԿ-երը, ցերեկային լամպերի արտադրությունը, ցեմենտի արտադությունը Հայաստանում սնդիկով աղտոտման հիմնական աղբյուրներն են: Այս մասին օգոստոսի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետներ Էմմա Անախասյանը եւ Քնարիկ Գրիգորյանը: Սնդիկը կայուն աղտոտիչ է, սնդիկով թունավորվածներն ունենում են ուղեղային ու նյարդաբանական վնասվածքներ և առողջական այլ խնդիրներ:
Բացի սնդիկով աղտոտման այս աղբյուրներից հայ մասնագետները հայտնաբերել են, որ սնդիկով աղտոտված են եղել որոշ ատամնաբուժական կլինիկաներ, իսկ ամենից աղտոտվածը եղել է ԵՊՀ նկուղը, որտեղ աստիճանավանդակին ժամանակին սնդիկ է թափվել: Սնդիկ է հայտնաբերվել երեխաների մազերում եւ խաղալիքներում, ինչպես նաեւ կոսմետիկ միջոցներում: Սնդիկով աղտոտվածությանն առնչվող այս եւ այլ խնդիրների մասին, եւ այն մասին, թե արդյոք Հայաստանը կմիանա սնդիկի օգտագործումը սահմանափակող Մինամատայի կոնվենցիային, կարդացեք ԷկոԼուրի կատարած լրաքաղում:
Հայաստանում սնդիկով աղտոտվածության մասին
Նարեկ Ալեքսանյան, Հետք
Ճապոնական Մինամատա քաղաքում 50 տարի առաջ սնդիկով զանգվածային թունավորման հետևանքով մոտ 10 հազար մարդ է մահացել: Թեպետ մինչ օրս զոհերի հարազատները չեն կարողանում հասնել արդար վերաբերմունքի և փոխհատուցման, այնուամենայնիվ, Ճապոնիան ամեն ինչ անում է հետագայում նման աղետների վտանգը կասեցնելու համար. այդ երկրում այժմ գործում է «Սնդիկի օգտագործումը սահմանափակող» կոնվենցիան, որն ավելի հայտնի է որպես Մինամատայի կոնվենցիա:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետները Հայաստանում որոշ ձեռնարկությունների և բուժհաստատությունների հարևանությամբ հայտնաբերել են սնդիկով աղտոտվածություն: Նրանք մտահոգված են. սնդիկով թունավորվածներն, ըստ իրենց հետազոտությունների, ունենում են ուղեղային ու նյարդաբանական վնասվածքներ և առողջական այլ խնդիրներ:
Այս թեմայով ասուլիս ժամանակ վերոհիշյալ ՀԿ-ի բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ սնդիկը, ինչպես մնացած ծանր մետաղները, կուտակվում է մարդու օրգանիզմում, և դրա միայն մի մասն է արտաթորանքի միջոցով դուրս գալիս, մնացածը մնում է` հետագայում դառնալով զանազան հիվանդությունների առաջացման պատճառ: Որպես սնդիկի առաջացման և շրջակա միջավայրում դրա քանակության ավելացման պատճառ ոլորտի մասնագետն առաջին հերթին առանձնացրեց ինտենսիվ հանքարդյունաբերությունը:
Խոսելով կոնվենցիայի մասին, նույն ՀԿ-ից բժիշկ-փորձագետ Էմմա Անախասյանը նշեց, որ այն ժամանակ, երբ արդեն սնդիկի հիմնախնդրին համաշխարհային մասշտաբով կարևորություն տրվեց, մշակվեց համապատասխան կոնվենցիա և այս տարվա հունվարին, Ժնևում ՄԱԿ-ի կողմից ընդունվեց որպես միջազգայնորեն պարտադրվող փաստաթուղթ այն վավերացնող երկրների համար:
Փորձագետները հույս հայտնեցին, որ Հայաստանը նույնպես կարող է այս տարվա հոկտեմբերին միանալ Մինամատայի կոնվենցիային: Քնարիկ Գրիգորյանի խոսքով` կոնվենցիան, բացի սնդիկի օգտագործումը սահմանափակելուց, նաև ֆինանսական որոշակի օգնության հնարավորություն է ընձեռում հետազոտություններ անցկացնելու և հնարավոր վտանգներից խուսափելու համար. Հայաստանում սնդիկի քանակությունը կրիտիկական վայրերում նորմայից շատ չեն գերազանցում, բայց, փորձագետների դիտարկմամբ, ավելի լավ է վտանգը չեզոքացնել, քան հետո փորձել դրա հետևանքները բուժել, ինչը գործնականում շատ ավելի բարդ է:
Բժիշկները խորհուրդ տվեցին արտասահմանյան, հատկապես չինական արտադրության խնամքի և կոսմետիկ միջոցներ գնելիս հետևել, որպեսզի տուփի վրա առկա լինի ստանդարտի նշանը: Նույնը վերաբերում է նաև սննդամթերքին և մանկական խաղալիքներին. սնդիկը օգտակար է միայն որոշակի քանակության դեպքում, չարաշահելիս այն դառնում է վտանգավոր:
Հայաստանը ևս ցանկանում է միանալ սնդիկի օգտագործումը սահմանափակող Մինամատայի կոնվենցիային
Mardik.am
Սնդիկն իրենից ներկայացնում է կայուն աղտոտիչ, այն շրջանառվում է գլոբալ մասշտաբով, և օրգանիզմը, ստանալով սնդիկ, առաջացնում է լուրջ առողջական խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանը` խոսելով «Արդյոք Հայաստանը կստորագրի սնդիկի օգտագործումը սահմանափակող կոնվենցիան, որը հայտնի է որպես Մինամատայի կոնվենցիա» թեմայով կազմակերպված մամլո ասուլիսում:
Նա նշեց, որ Հայաստանում սնդիկով աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում հանքարդյունաբերություններն ու մետաղաձուլարանները, ոսկու կորզումը, հարստացումն ու անջատումը, ածխով աշխատող ՋԷԿ-երը, ցերեկային լամպերի արտադրությունը, ցեմենտի արտադությունը, վինիլքլորիդի արտադրությունը:
«Հետազոտվել են նաև պոլիկլինիկաներ, և հայտնաբերել ենք, որ որոշ ատամնաբուժական կլինիկաներում օգտագործվել է սնդիկ, սակայն հետազոտությունից հետո այդ կլինիկաները փակվել են»,-ասաց Քնարիկ Գրիգորյանը` ավելացնելով, որ սնդիկով օդի աղտոտվածության հետազոտություն է իրականացվել նաև Երևանում և Աբովյանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի տարածքում. «Մարզերի հետազոտությունները պարզել են, որ մարզերում այդքան էլ մեծ չէ սնդիկի առկայությունը»:
Նա նշեց, որ հետազոտվել է նաև ԵՊՀ նկուղը, և պարզվել է, որ աստիճանավանդակի վրա սնդիկի առկայության ցուցանիշը ամենաբարձրն էր, և հետո պարզվել է, որ այնտեղ ժամանակին սնդիկ է թափվել:
«Մենք կատարել ենք հետազոտություններ նաև Վրաստանում, Բելառուսում և Հայաստանում գնված կոսմետիկ նյութերում, և պարզել ենք, որ կոսմետիկ նյութերում ևս օգտագործվել է սնդիկը, մինչդեռ սնդիկի կիրառումը կոսմետիկ նյութերում խստիվ արգելվում է: Նշեմ, որ այդ կոսմետիկ միջոցները եվրոպական արտադրության են եղել»,-ասաց բժիշկ փորձագետը:
Ք. Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից մեծ հետազոտություն է իրականացվել նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից և Բելառուսից ներկրված և Հայաստանում արտադրված խաղալիքների շրջանում և պարզվել է, որ այդ խաղալիքների մեծ մասը եղել է չինական արտադրության, և դրանց որոշների մեջ ևս հայտնաբերվել է սնդիկ. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայկական արտադրության խաղալիքները այդ առումով մաքուր են եղել»:
Խոսելով Մինամատայի կոնվենցիայից` ասուլիսին ներկա «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետ Էմմա Անախասյանն էլ ասաց, որ այս տարվա հոկտեմբերին Ճապոնիայում արդեն համաձայնագիրը բաց կլինի ստորագրման համար և բաց կլինի չորս տարի ժամկետով, որ ցանկացողները կարողանան միանալ և ստորագրել:
Նա նշեց, որ Հայաստանը ևս ցանկանում է միանալ այդ կոնվենցիային և հույս հայտնեց, որ հոկտեմբերին մենք նույնպես կմիանանք և կստորագրենք համաձայնագիրը:
Նշենք, որ Մինամատան Ճապոնիայում գտնվող քաղաք է, որտեղ 50 տարի առաջ սնդիկով զանգվածային թունավորում է եղել: Մինչ օրս զոհերը չեն կարողանում հասնել արդար վերաբերմունքի և փոխհատուցման:
Սնդիկ` մանկական խաղալիքներում
Ա1+
Հայաստանի տարածքում հայտնաբերվել է սնդիկով օդի աղտոտվածություն։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Հայ կանայք հանուն առողջության և շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետները։
Ըստ հետազոտության արդյունքների՝ սնդիկի քանակություն գտել են նաև Հայաստան ներկրած որոշ կոսմետիկական նյութերի և մանկական խաղալիքներում։ Փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ահազանգում է. սնդիկով թունավորումների արդյունքում մարդու մոտ առաջանում են ուղեղային և նյարդային խանգարումներ տարբեր ձևերով.
Սնդիկով ջերմաչափերին փոխարինելու են էլեկտրոնային ջերմաչափերը
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն սնդիկի անալիզատորի միջոցով հետազոտություն է անցկացրել սնդիկի հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
Սնդիկն իրենց ներկայացնում է կայուն աղտոտիչ: Կուտակվելով օրգանիզմում մետաղական սնդիկը վերածվում է մեթիլ սնդիկի, որն ավելի վտանգավոր է և կարող է բազմաթիվ օրգան համակարգեր ախտահարել: Մեթիլ սնդիկի ախտահարման դեպքեր առաջին անգամ արձանագրվել են Ճապոնիայի Մինամատա քաղաքում, որտեղ 10 000 մարդ թունավորվել:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետ Քնարիկ Գիգորյանի խոսքով՝ Հայաստանում հիմնական աղտոտման աղբյուրը հանքարդյունաբերությունն է:
«Նման խնդիր կա Սոտքի տարածքում, որտեղ սնդիկի ազդեցությունը միջին բարձրության է: Ջերմաէլեկտրակայանների տարածքում նույնպես մեծ է սնդիկի ազդեցությունը: Մենք հետազոտել ենք նաև ցերեկային լամպերի արտադրությամբ զբաղվող գործարանի տարածքը և կարող ենք փաստել, որ այդ տարածքում նույնպես աղտոտում կա, իհարկե, նորմայից ոչ բարձր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քնարիկ Գրիգորյանը:
Հետազոտվել են պոլիկլինիկաները, ատամնաբուժական հաստատությունները, որոնց կողմից օգտագործվող տարբեր նյութերի մեջ պարունակվում է սնդիկ: Թունաքմիկատների գերեզմանոցում և կոշտ-կենցաղային թափոնների աղբավայրում նույնպես անցկացվել են հետազոտություններ: Բաց աղբավայրում արդեն սնդիկի ազդեցությունն անցնում է նորմայի սահմանները: Հետազոտությունների արդյունքում սնդիկ է հայտնաբերվել ինչպես ներկրված, այնպես էլ մեզ մոտ արտադրված մանկական խաղալիքներում, մանուկների և մեծահասակների համար նախատեսված կոսմետիկ միջոցներում:
Բժիշկ-փորձագետ Էմմա Անախասյանն էլ ներկայացրեց Մինամատայի համաշխարհային կոնվենցիան, որն այս տարի ընդունվել է ՄԱԿ-ի կողմից: Հիմնական նպատակն է՝ վերացնել մարդու առողջության վրա սնդիկի սպառնալիքները:
«Հայաստանում նույնպես պատրաստվում են ընդունել Սնդիկի օգտագործումը սահմանափակող կոնվենցիան: Կոնվենցիայի ընդունումից հետո ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ կարգելվի սնդիկով ջերմաչափերի օգտագործումը, որին փոխարինելու կգան էլեկտրոնային ջերմաչափերը»,- ասաց բժիշկ-փորձագետը:
Սնդիկի օգտագործումը սահմանափակող կոնվենցիային Հայաստանը կմիանա՞
1in.am
Արդյոք Հայաստանը կստորագրի՞ սնդիկի օգտագործումը սահմանափակող կոնվենցիան, որը հայտնի է որպես Մինամատայի կոնվենցիա: Այս թեման լրագրողների հետ քննարկեցին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության անդամները:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն կատարել է հետազոտություն սնդիկի հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Ըստ այդ հետազոտության` Հայաստանում սնդիկի քանակությունը նորմայից բարձր չէ, բայց հայտնաբերվել է: Ըստ նույն ՀԿ-ի անդամ Քնարիկ Գրիգորյանի` սնդիկի նորմայից բարձր չլինելը դեռևս ապահովագրություն չէ, սնդիկն իրենից ներկայացնում է կայուն ախտոտիչ, օրգանիզմում կուտակվելով առաջացնում է բազմաթիվ ախտահարումներ:
«Սնդիկը միայն Հայաստանի հիմնախնդիրը չէ: Այն օրգանիզմում վերածվում է մեթիլ սնդիկի, որն ավելի վտանգավոր է, քան մետաղական սնդիկը: Եթե արդյունաբերական կեղտաջրերը թափվում են բաց ջրամբարներ, ծովեր, օվկիանոսներ, գետեր, լճեր, հետագայում դրանք օգտագործվում են բակտերիաների կողմից, անցնում փափկամարմինների, որոնք էլ սննդային շղթայով անցնում են ձկներին, իսկ ձկներով սնվում են կաթնասունները, այդ թվում՝ մարդիկ»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը:
ՀԿ. Հայաստանում մանկական խաղալիքների մեջ սնդիկ է հայտնաբերվել
News.am
Հայաստանում մանկական խաղալիքների մեջ սնդիկ է հայտնաբերվել: Այդ մասին, այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայ կանայք հանուն առողջության եւ շրջակա միջավայրի» ՀԿ անդամ Քնարիկ Գրիգորյանը: Կազմակերպության անցկացրած հետազոտության համաձայն, Հայաստանում սնդիկ է հայտնաբերվել խաղալիքների մեջ, որոնցից 9-ը եղել են չինական, մեկը՝ հայկական արտադրության: Սնդիկ է հայտնաբերվել նաեւ Եվրոպայից ներկրվող կոսմետիկայում, այդ թվում նաեւ մանկական շրթներկի մեջ:
«Մարդու կամ կենդանու օրգանիզմում, որի սննդի մեջ սնդիկ է եղել, այն վերածվում է մեթիլ-սնդիկի, որն ավելի վտանգավոր է, քան մետաղական սնդիկը: Եթե արտադրական թափոնները ընկնում են ջրամբարներ, ապա սննդի շղթայով դրանք հասնում են մարդուն եւ մեծ վտանգ են ներկայացնում նրա համար: Ռիսկի մեկ այլ գործոն կարող է հանդիսանալ լեռնահանքային արդյունաբերությունը»,- ավելացրել է Գրիգորյանը:
Առաջին անգամ սնդիկի զանգվածային թունավորում եղել է ճապոնական Մինիմատա քաղաքում 1956թ.-ին: Պարզվել էր, որ ացետիլենի արտադրության ժամանակ կիրառվող սնդիկի սուլֆիդը օվկիանոսի ջրում է հայտնվել: Թունավորումը տեղի էր ունեցել օվկիանոսում գտնվող ձկների եւ ծովային կենդանիների միջոցով:
«2013թ. հունվարին Ժնեւում ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Մինիմատյան կոնվենցիան: Նրա նպատակն է խափանել սնդիկի վտանգավոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: հայաստանը դրան դեռ չի միացել, սակայն հույս ունենանք, որ կանի դա»,- հայտարարել է ՀԿ մեկ այլ անդամ Էմմա Անախասյանը:
Օգոստոս 22, 2013 at 14:27
