Սեւանի շուրջ հասարակության ու իշխանության տարաձայնությունները շարունակվում են

Սեւանի շուրջ հասարակության ու իշխանության տարաձայնությունները շարունակվում են

ԷկոԼուր

Սեւանա լճի վերաբերյալ հասարակության եւ իշխանության տարաձայնությունները դեռ շարունակվում են: S.O.S Սեւան նախաձեռնող խումբը պնդում է, որ լիճն անմխիթար վիճակում է, աղտոտվում է հանքարդյունաբերական եւ կենցաղային թափոններով, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների համոզմամբ լճի ջրի թափանցիկության ներկայիս ցուցանիշը 40 տարվա ընթացում առաջին անգամ հասնում է 6-11 մետրի: Խնդրին առնչվող նյութերը կարդացեք ստորեւ:

SOS Սևան. կառավարությունը չի ընդունո՞ւմ բնապահպանների ահազանգը

www.hra.am

Մինչ բնապահպաններն ահազանգում են Սևանա լճի անմխիթար վիճակի մասին՝ նշելով ճահճացման, աղտոտման խնդիրները, պետական պաշտոնյաները հավաստիացնում են, որ ամեն  ինչ կարգին է. «Վերջին 40 տարվա ընթացում առաջին անգամ ջրի թափանցելիությունը հասնում է 6-11 մետրի»:

Հոկտեմբերի 25-ին տեղի  է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը: Նիստի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկություններ  է ներկայացրել Սևանա լճի մաքրման աշխատանքների մասին' նշելով, որ այս տարվա մաքրման ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի մինչև դեկտեմբերի կեսերը: Նախարարը հավաստիացրել է, որ ներկրված տեխնիկան ծառայում է նպատակին, և ջրի մեջ կատարվում են անհրաժեշտ մաքրման աշխատանքներ:

Խորհրդի նախագահ, տարածքային ինքնակառավարման նախարար Արմեն Գևորգյանը նույնպես նկատել է, որ 2011թ. համար ծրագրված մաքրման աշխատանքները նախատեսված ծավալով իրականացվում են, սակայն մաքրման ենթակա տարածքներն ավելի մեծ են, և նախատեսված միջոցները բավարար չեն դրանց ամբողջական մաքրման համար: Ուստի, ըստ նրա, կատարվածը պետք է գնահատել և մտածել ավելի մեծ ծավալի աշխատանքների իրականացման հնարավորությունների մասին:

Խորհրդի անդամ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը փաստել է, որ բավականին աշխատանք կատարվել է: Ըստ նրա' կատարված հետազոտությունների արդյունքներով՝ վերջին 40 տարվա ընթացում առաջին անգամ ջրի թափանցելիությունը հասնում է 6-11 մետրի:

Չնայած պետական պաշտոնյաները նշում են լճի մաքրման աշխատանքների մասին, բնապահպանները պահանջում են Սևանի փրկության հարցը դարձնել օրակարգային, ինչի համար ստեղծվել է «SOS Սևան» նախաձեռնող խումբը:

Հնարավոր չէ միաժամանակ պահպանել Սևանը և ափերին ցեմենտ կամ ոսկի արտադրել

Մերի Ալեքսանյան, www.hra.am

«Այսօր խմելու ջուրը մեր աչքի առջև դառնում է... չեմ ասի կոյուղի՝ մի քիչ չափազանցված կլինի, բայց՝ ոչ խմելի ջուր»,- ասում է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն, ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը, ով Հայաստանի համար առաջնահերթ և ռազմավարական խնդիր է համարում Սևանը փրկելը:

Ըստ Սուխուդյանի՝ ջրի աղտոտվածության առաջին պատճառը տարիներ առաջ ջրի մակարդակն իջեցնելն էր. «Այդ նախագիծն արդեն հաստատվել էր, մենք ոչինչ չէինք կարող անել»,- արդարանում է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրենը:

Երկրորդ խնդիրը նա համարում է ջրի մակարդակն արհեստականորեն բարձրացնելը՝ առանց ափերը դրան նախապատրաստելու. «Ջրի ափերին բիոլոգական և այլ մնացորդներ կան, զանազան թունաքիմիկատներ կան, դրանք բոլորը հարկավոր է մշակել, մաքրել, վերացնել, ծառերը, թփերը արմատներով հանել, մաքրել, նոր ջրի մակարադակը բարձրացնել: Թե չէ բարձրացրեցինք, բայց կեղտոտ ջուրը ո՞ւմ է պետք: Դրա համար սկսեց ճահճացում»:

Սևանա լիճն աղտոտում են նաև հարևան 3-4 գյուղերի բնակիչները. «Սևան թափվող բոլոր 28 գետերը դարձել են աղբատար, գյուղի բնակիչները ամեն տեսակի աղբ թափում են գետը՝ ներկից սկսած մինչև օրգանական նյութեր, կենցաղային աղբ: Այդ ամբողջը գետով գալիս, լցվում է Սևանը: Ինչքա՞ն կդիմանա խեղճ լիճը»,- հռետորական հարց է տալիս Սուխուդյանը:

2001 թ. ընդունված «Սևանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածն արգելում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը Սևանի ավազանում։ Սակայն այսօր Սևանի ավազանում օրենքով արգելված գործունեություն են ծավալում «Գեոպրոմայնինգ», «Գեգամետ պլյուս», «Միկա ցեմենտ» հանքարդյունաբերական ընկերությունները:

«Հնարավոր չէ միաժամանակ և՛ պահպանել Սևանի ջուրը, և՛ ափերին ցեմենտ կամ ոսկի արտադրել»,- կարծում է բնապահպանը: Ոսկու արտադրությունը սկզբում իրականացվում էր փակ եղանակով՝ հողի տակ հորիզոնական խորշեր էին բացվում, իսկ վերևում բուսականությունը, ծառերը չէին վնասվում: «Դա, իհարկե, ավելի թանկ եղանակ է ձեռնարկատերերի համար: Հենց որ անկախություն ձեռք բերեցինք, սկսեցինք բաց եղանակով հանել ոսկին»,- նշում է նա:

Բնապահպաններն ահազանգ են հնչեցնում նաև Սոթքում ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման ծրագրի վերաբերյալ: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը գտել է, որ ոսկու հանքաքարը Սոթքից երկաթուղով Արարատ տեղափոխելը և վերամշակելն ավելի ծախսատար է, և որոշվել է ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել հենց Սևանի ավազանում, ինչն արգելված է օրենքով։ 

Պետական մակարդակով Սևանի փրկության հարցը պետք է օրակարգային դառնա՝ համոզված է Գագիկ Սուխուդյանը. «Պիտի քաղաքական կամք լինի, որ երկրի առաջին դեմքից սկսած՝ բոլորը մի պահ կանգ առնեն ու մտածեն՝ լավ, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում: Մեր կառավարման մարմինների մտածելակերպն է հարկավոր փոխել, որ ամեն օր ծորակը բացելիս հասկանան, որ մի օր կարող է այդ ջրի փոխարեն ինչ-որ սև հեղուկ հոսել, էդ օրվա՞ն են սպասում»:

Սևանի փրկության համար նա առաջարկում է բնապահպաններից, կենսաբաններից, աշխարհագրագետներից կազմված փորձագիտական խումբ ստեղծել, որը «կլինի Սևանի «շտապ օգնությունը», և ձեռքը միշտ կպահի Սևանի զարկերակի վրա»:

Սեպտեմբերի վերջին Սևանի խնդրով մտահոգ մի խումբ բնապահպան-ակտիվիստներ, Գագիկ Սուխուդյանի նախաձեռնությամբ ահազանգ հնչեցրեցին Սևանի «ծայրահեղ վատ վիճակի» մասին և ստեղծեցին «SOS Սևան» նախաձեռնությունը:

«Չկա Սևան, չկա Հայաստան: Միավորվենք և թույլ չտանք, որ մարդկանց մի խումբ թալանի և 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի փոխարեն մեր սերունդներին թողնի թունավոր ճահիճ»,- գրված է «SOS Սևան»-ի տարածած հայտարարության մեջ:

Ըստ նախաձեռնող խմբի՝  Սևանի աղտոտումը ոչ պատշաճ վերահսկողության և պաշտոնական կառույցների իմիտացիոն գործունեության արդյունք է: Իսկ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար  հատկացված բյուջետային, դրամաշնորհային և վարկային միջոցները, նրանց կարծիքով,  ոչ նպատակային են ծախսվում:

Գագիկ Սուխուդյանը լիովին պատկերացնում է «SOS Սևան» պայքարը, թեև չի մանրամասնում, թե ինչ քայլեր են նախատեսում անել. «Ես գիտեմ ինչ կարելի է անել, կա այդ ճանապարհը, իհարկե: Եթե ինձ վստահեն, ես կարող եմ ղեկավարել այդ ամենը, ես ազգային պարկի հեղինակներից մեկն եմ և գիտեմ տարածքի հետ ինչպես կարելի է վերաբերվել, եթե չվստահեն, ես կարող եմ կողքից լինել խորհրդատու»:

«SOS Սևան» ահազանգ արդեն հնչել է և Սուխուդյանը խոստանում է, որ սա շարունակական գործընթաց է լինելու. «Մենք պետք է ազգովի վեր կենանք, ասենք՝ եկեք վերջ տանք այս վերաբերմունքին Սևանի նկատմամբ, մենք մեր երկիրը վերածում ենք անապատի»:

Վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ Սեւանի ջրի թափանցելիությունը հասնում է 6-11 մետրի

Արմենպրես

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը' խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏկՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր հողամասերի վարձակալության հետ կապված հարցեր: Խորհուրդն արձանագրել է, որ ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր եւ շինություններով չծանրաբեռնված հողամասերի վարձակալության պայմանագրերի վերակնքման հարցը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի, ուստի «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է Բնապահպանության նախարարության հետ համատեղ նոր առաջարկություններ ներկայացնել խնդրի կարգավորման ուղղությամբ:

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է գույքագրել եւ երկշաբաթյա ժամկետում խորհրդին ներկայացնել այն վարձակալների ցանկը, որոնց պայմանագրերի ժամկետը լրանում է մինչեւ տարեվերջ եւ 2012թ -ին:

ՊՈԱԿ-ին հանձնարարվել է նաեւ գույքագրել ու մինչեւ տարեվերջ տեղեկատվություն ներկայացնել ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու տարածքում փաստացի գործունեություն ծավալող սուբյեկտների վերաբերյալ:

Խորհրդի նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել Սեւանա լճի մաքրման աշխատանքների մասին' նշելով, որ այս տարվա մաքրման ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի մինչեւ դեկտեմբերի կեսերը: Նախարարը հավաստիացրել է, որ ներկրված տեխնիկան ծառայում է նպատակին, եւ ջրի մեջ կատարվում են անհրաժեշտ մաքրման աշխատանքներ:

Խորհրդի նախագահ Ա. Գեւորգյանը նույնպես նկատել է, որ 2011թ. համար ծրագրված մաքրման աշխատանքները նախատեսված ծավալով իրականացվում են, սակայն մաքրման ենթակա տարածքներն ավելի մեծ են, եւ նախատեսված միջոցները բավարար չեն դրանց ամբողջական մաքրման համար: Ուստի, ըստ նրա, կատարվածը պետք է գնահատել եւ մտածել ավելի մեծ ծավալի աշխատանքների իրականացման հնարավորությունների մասին:

Խորհրդի անդամ, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի

հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, անդրադառնալով այս հարցին, նկատել է, որ բավականին աշխատանք կատարվել է, իսկ նոր տեխնիկան որակի առումով բեկում է մտցրել աշխատանքներում: Ըստ նրա' կատարված հետազոտությունների արդյունքներով' վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ ջրի թափանցելիությունը հասնում է 6-11 մետրի:

Սևանը շարունակելու է աղտոտվել կոյուղաջրերով

Tert.am

Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներում կտեղադրվեն կոյուղաջրերի մաքրման կայաններ, ինչպես նաև Մարտունի, Գավառ, Սևան և Ջերմուկ քաղաքներում կիրականացվեն կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներ մինչև 2012թ. ամառ. այս մասին «ԱՐ» հեռուստատեսության «Ազդարար» լրատվականին հաղորդել են «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից։ Մինչ այս նախագծերի ավարտը կոյուղաջրերը կշարունակեն աղտոտել Սևանը։

«Շահագործել բառը շահ բառից ա, հարկավոր ա վերանայել էդ բառը պահագործել պիտի լինի՝ պահել բառից»,- ասել է «Սևան ազգային պարկի» նախագծի հեղինակ, բնապահպան Գագիկ Սուխուդյանը։

Մասրիկ, Մարտունի և Գավառ բնակավայրերից տարեկան Սևանն է լցվում շուրջ 6611 հազար խ/մ կեղտաջուր, Սոտքի հանքավայրից՝ մոտ 541 հազար խ/մ կեղտաջուր։ Եթե Սևանի հարակից գյուղերից՝ Լճաշենում բնակիչներն ասել են, որ կոյուղու խնդիրը լուծված է զուգարանահորերով, ապա Ծովագյուղում չեն ժխտել, որ կեղտաջրերը լցվում են Սևան, և հավելել, որ Լճաշենում ստել են. Սևանն են թափվում բոլոր մերձակա գյուղերի կեղտաջրերը։ Ափամերձ հյուրանոցներից ասել են, որ ունեն կոյուղահորեր, սակայն նկարահանել տարածքը չեն թույլատրել։

Բնապահպանության նախարարությունից տեղեկացրել են, որ հյուրանոցների և հանգստյան տնակների նախագծերը հաստատվում են միայն այն դեպքում, երբ առկա է լինում գործող կոյուղուն միացում, իսկ հակառակ դեպքում տուգանում են, սակայն որևէ տուգանքի մասին տեղեկություն չեն տրամադրել։ Փոխարենը հիշեցրել են, որ դա ծախսատար ծրագիր է, պետք է ներգրավել նաև մարզպետարաններին և համայնքապետարաններին, իսկ խնդրին որոշակի լուծում տալու համար՝ ներկայացնել կառավարությանը։

Նշենք, որ գիտնականները հավաստում են, որ 20 տարի անց քաղցրահամ ջուրը երկրագնդի վրա լինելու է ավելի թանկ, քան նավթը։

Հոկտեմբեր 26, 2011 at 18:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր