«Այսօր Փոքր Սևանում կանաչած հատվածներ չկան: Մեծ Սևանում էլ շատ քիչ հատվածներ են կանաչած»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը հուլիսի 29-ին «Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման պատճառները, էֆտրոֆիկացիայի նվազեցման ու խնդրի համապարփակ լուծման ուղիները» թեմայով ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ ՀՀ կառավարության կողմից շատ խիստ հանձնարարականներ են տրված՝ ձեռնարկել բոլոր միջոցները Սևանա լճի ծաղկումը նվազագույնի հասցնելու, կանխելու համար: ՀՀ կառավարությունը հանձնարարել է ներկայացնել ծրագրեր, ինչպես ափամերձ ճահճացած տարածքների, այնպես էլ ջրածածկման ենթակա տարածքների մաքրման, դեպի Սևանա լիճ և գետեր կեղտաջրերի՝ հոսքի բացառման վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը հայտնեց, որ այս տարի սառը եղանակները նպաստեցին, որ Սևանա լճում ընթացող ծաղկման երևույթներն ավելի թույլ դրևորվեն: Ըստ Էվելինա Ղուկասյանի՝ գոյություն ունի լճի ծաղկման դասկարգման չորս աստիճան՝ թույլ, միջին, ինտենսիվ և հիպերծաղկման վիճակ։ «Բարեբախտաբար, չենք հասել վերջին փուլին։ Այս տարի բավական թույլ է ընթանում ծաղկման գործընթացը, սակայն դա չի նշանակում, որ գործոնները, որոնք ծնում էին այդ ծաղկման երևույթները, հաղթահարված են։ Ջրիմուռների ծաղկումն ավարտելով՝ ոչինչ չի փոխվում։ Դրանք նստում են լճի հատակին, մեծացնում են օրգանական նյութերի բեռը, քայքայման երևույթների ժամանակ խլում են հատակային շերտերի թթվածինը, որի պատճառով վատ կենսապայմաններ են ստեղծում։ Այդ աղտոտվածությունը խեցգետնի շրջանում նպաստում է հիվանդությունների տարածմանը: Վերջին տարիներին խեցգետնի պաշարները կտրուկ կրճատվել են, դա նույնպես օրգանական աղտոտվածության հետևանք է», - ասաց Էվելինա Ղուկասյանը։ Խոսելով կապտականաչ ջրիմուռների վտանգավոր լինելու մասին՝ նա նշեց, որ դրանք արտազատում են միկրոցիստին թունանյութը, ինչը բավական վտանգավոր է լողացող մարդկանց ու կենդանական աշխարհի համար. «Դա ազդում է մարդկանց լյարդի և աղեստամոքսային տրակտի, նաև մաշկի վրա, առաջացնում է բազմաթիվ սնկային հիվանդություններ կենդանիների շրջանում»:
Սևանա լճի էկոլոգիական վատ վիճակի մասին նշեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը: «2018 թ․ Սևանա լճում դիտվող ծաղկման գործընթացները, որ սկսվում էր հունիսից, այս տարի սկսվել է հուլիսի 15-ից: Կախված եղանակային պայմաններից՝ ծաղկման գործընթացն ուշ սկսվեց, շուտ էլ վերջանալու է: Սևանա լճում ունենք վատ էկոլոգիական վիճակ, հատակային շերտում թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակը բավարար է, որպեսզի շարունակական դիտվի ծաղկման գործընթացը: Թափանցիկությունը մինչև 4 մետր է: Այս բոլոր բնութագրական ցուցանիշները խոսում են այն մասին, որ լճում ունենք կենսածին նյութերի բավարար քանակություն»,- ասաց նա:
Նշենք, որ Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման համար անհրաժեշտ է լճի մակարդակը բարձրացնել 1903,5 մ նիշը մինչև 2030թ-ը: Հուլիսի 29-ին դրությամբ լճի մակարդակը 1900.76մ է, ինչը 2 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում․
Հուլիս 29, 2020 at 18:43