

«Սևան» ազգային պարկի ափամերձ հատվածներում՝ կառուցապատման թույլատրելի նիշից ցածր գոտում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին կազմում է շուրջ 3800։ Օգոստոսի 8-ին «Սևան» ազգային պարկ այցելած Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի շրջայցից հետո առաջնային է համարվել այդ բոլոր 3800 շենք-շինությունների ապոմոնտաժումն ու քանդումը: «Կարճաժամկետ հեռանկարում առաջնային խնդիր է պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն»,- նշված է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ:
Ռոմանոս Պետրոսյանի այցի արդյունքում արձանագրվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ բազմաթիվ հատվածներում, առկա է ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման և առանց պետական գրանցման պայմանագրային վարձակալությամբ գործունեության 150 դեպք։ Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է ուսումնասիրել լճի ափերին տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարողի գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը: Այս տարի մաքրման ենթակա շուրջ 270 հա ափամերձ անտառաշերտից այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հա-ը։
ՇՄ նախարարության հաղորդագրության համաձայն, Սևանա լճի ափերում այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ:
Օգոստոս 10, 2020 at 17:18