Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է. Հայաստանում ջրային հոսքերի փոփոխությունն ու հիմնական միտումները տարբեր տարիներին

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է. Հայաստանում ջրային հոսքերի փոփոխությունն ու հիմնական միտումները տարբեր տարիներին

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է: 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման համագումարը, որտեղ առաջարկվել է մարդկության ուշադրությունը ջրային պաշարների հրատապ խնդրին հրավիրելու համար սահմանել հատուկ օր։ ՄԱԿ-ը հավանություն է տվել նախաձեռնությանը և 1993 թվականին վճռել է ամեն տարի մարտի 22-ին նշել Ջրի համաշխարհային օրը։

Այսօր Հայաստանի համար օրախնդիր է ջրային պաշարների պահպանումն ու ողջամիտ օգտագործումը: Մեր երկրում տարեցտարի նկատվում է ջրային հոսքերի նվազում, տեղումների կրճատում, ջերմաստիճանի աճ՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ:

Մարտի 16-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացավ «Ջրային ռեսուրսների ինստիտուցիոնալ կառավարումը կլիմայական քաղաքականության լույսի ներքո» փորձագիտական կլոր սեղանը, որի ընթացքում քննարկվեցին կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային հոսքերի փոփոխության հիմնական միտումներին, ջրային ոլորտում իրականացվող քաղաքականությանը, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և կառավարմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության  ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի պարտականությունները կատարող Սևակ Մաթիլյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝  ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը կարևորեց քննարկման անցկացումը, ինչը կարող է հետագայում նախադրյալներ ստեղծել Ջրային օրենսգրքի վերանայման գործընթացում` հաշվի առնելու կլիմայի փոփոխության գործոնը:

«Մեր տարածաշրջանի, ինչպես նաև միջերկրածովյան երկրների համար հիմնական խնդիրն այն է, որ տեղումների նվազման և ջերմաստիճանի բարձրացման հետ ջրային ռեսուրսների նկատմամբ մրցակցությունն ու պահանջարկը աճելու է, և այդ պայմաններում շատ են կարևորվելու ջրային ռեսուրսների կառավարման հարցերը: Հիդրոնէերգետիկայի արագ զարգացման, բնապահպանական տեսչական մարմինների բացթողումների հետևանքով մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում գետային էկոհամակարգերում: Մյուս խնդիրը Սևանի էկոհամակարգին սպառնացող վտանգն է: Որպեսզի հետագայում ջրային ռեսուրսներին սպառնացող ռիսկերը կարողանանք մեղմել և ճիշտ հաշվի առնել մեր տնտեսության, էկոհամակարգի և բնակչության առողջության խնդիրները կլիմայի փոփոխության ներքո, պետք է սահմանենք մեր անելիքները»,- նշեց նա:

Կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանում ջերմաստիճանի բարձրացման, մթնոլորտային տեղումների և ջրային հոսքերի փոփոխության միտումները ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը:

Նա նշեց, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում պարբերաբար գնահատվում են մթնոլորտային տեղումների, օդի ջերմաստիճանի ու դրանցով պայմանավորված գետային հոսքի փոփոխությունները և այդ արդյունքներն ամփոփվում են կլիմայի փոփոխության ազգային հաղորդագրություններում: Այդ գնահատականների համաձայն՝ 1935-2020թթ. Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը  բարձրացել է 1,38 աստիճանով: «Եթե 1935-1996թթ. ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանն աճել է 0,4 աստիճանով, ապա վերջին 25 տարիներին տարեկան միջին ջերմաստիճանային շեղումները եղել են միայն դրական բացառությամբ 2011թ-ի, որն աննշան բացասական շեղում է ունեցել: Ամենատաք տարիները եղել են 2010 և 2018թթ., երբ ջերմաստիճանը բազմամյա միջին արժեքից բարձր է եղել 2,6-2,8 աստիճանով: ՊՈԱԿ-ում օգտագործված ռեգիոնալ և տարածաշրջանային մոդելի արդյունքների համաձայն՝ ՀՀ-ում 2040թ. կանխատեսվում է ջերմաստիճանի աճ մոտ 1,5 աստիճանով, 2070թ.՝ 3 աստիճանով, իսկ 2100թ.՝ մոտ 5 աստիճանով»,- ասաց Լևոն Ազիզյանը:

Անդրադառնալով տեղումներին՝ Լևոն Ազիզյանը նշեց, որ այստեղ պատկերը փոփոխական է և տեղումների քանակի որոշակի աճ դիտվել է հյուսիս-արևելքում՝ Գեղարքունիքի մարզում, Շիրակի դաշտում՝ Ապարան-Հրազդանի հատվածում, իսկ մնացած շրջաններում հիմնականում դիտվել է նվազում: Նա ընդգծեց, որ տեղումների կանխատեսումների դեպքում առկա են որոշակի անորոշություններ հատկապես լեռնային շրջաններում, և այդ կանխատեսումներին որոշակի վերապահումներով պետք է մոտենալ: 

Ըստ բանախոսի՝ առաջիկա տարիներին սպասվում է գետային հոսքերի նվազման տոկոսի աստիճանական բարձրացում: «Օգտագործելով ջերմաստիճանի և տեղումների կանխատեսվող արժեքները, ֆիզիկավիճակագրական մեթոդներն ու ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում մշակված որոշումների կայացման գործիքը՝ պարբերաբար գնահատվում է մակերևույթային ջրային ռեսուրսների խոցելիությունը: Համաձայն այդ սցենարների՝ Հայաստանի Հանրապետությունում 2040թ. կանխատեսվում է գետային հոսքի նվազում մոտ 14%-ով, 2070թ. կանխատեսվում է գետային հոսքի խոցելիություն մոտ 28%-ով, իսկ 2100թ.՝ 39%-ով: Եթե գետային հոսքի բազիսայինը մոտ 7,1 միլիարդ խմ է, ապա, ըստ գնահատականների, 2100թ. կանխատեսվում է, որ գետային հոսքը կկազմի 4,3 մլրդ խմ»,- նշեց Լևոն Ազիզյանը:

Անդրադառնալով Սևանա լճի վերաբերյալ կանխատեսումներին՝ բանախոսն ասաց. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար գնահատվում է Սևանի լճի գետային հոսքի և գոլորշիացման խոցելիությունը: 2100թ. կանխատեսվում է Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազում մոտ 30-35%-ով, ինչը բացասական ազդեցություն կունենա լճի կենսական ռեսուրսների վրա: Գնահատվել է նաև Սևանա լճից գոլորշիացումը՝ կապված տեղումների, ջերմաստիճանի փոփոխությամբ: Համաձայն գնահատականների՝ 2040թ. կանխատեսվում է գոլորշիացման աճ լճի մակերևույթից մոտ 10%-ով, 2070թ.՝ 20-25%-ով, 2100թ.՝ 35%-ով»: 

Նվազում է կանխատեսվում նաև ջրամբարներում գարնանային վարարումների ընթացքում մուտք գործող գետային հոսքի քանակի մեջ: Ըստ Լևոն Ազիզյանի՝  2100թ. 30-35% նվազում է կանխատեսվում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ջերմաստիճանն աճելու է և ձյան տեսքով տեղումների քանակը պակասելու է: «Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում գնահատվել է 3 խոշոր ռազմավարական նշանակության ջրամբարների առավելագույն լցվածությունը: Ամենից մեծ խոցելիություն կանխատեսվում է Ապարանի ջրամբարում: Ըստ գնահատականների՝ Ապարանի ջրամբարի լցվածությունը 2100թ. կկազմի մոտ 35-40 միլիոն խմ, Ազատի ջրամբարինը՝ 40-45 միլիոն, իսկ Ախուրյանի ջրամբարինը՝ մինչև 300 միլիոն խմ»,- նշեց նա: 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հարցին, թե կա որևէ հնարավորություն խուսափելու այս սցենարներից և այդ նպատակով ինչպես պետք է փոխել ջրային ոլորտի քաղաքականությունը, Լևոն Ազիզյանը պատասխանեց. «Հարմարվողականության միջոցառումներով նախատեսված են ոռոգման համակարգերի կատարելագործումը, կաթիլային ոռոգմանն ու չորասեր կուլտուրաների անցումը»: Այս առնչությամբ Դիանա Հարությունյանը հավելեց, որ ջերմաստիճանի բարձրացման գործոնի առկայությունը բերում է նրան, որ մենք ունենանք ջրապահանջի ավելացում, մասնավորապես՝ այն ոլորտներում, որոնք անվերադարձ են օգտագործվում, ինչպես օրինակ՝ գյուղատնտեսությունն է: «Պետք է հասկանալ, որ հիմնականում անվերադարձ ջրօգտագործման հետ կապված հարցերը պետք է լուրջ մաս կազմեն գյուղատնտեսության ռազմավարության մեջ: Թե ինչ ձևով ենք մենք ոռոգման համակարգը վերականգնում, որքանով ենք կարևորում ջրախնայող տեխնոլոգիաները, կրկնակի օգտագործման հնարավորությունները, գյուղատնտեսության մեջ այնպիսի կուլտուրաների օգտագործումը, որոնք ավելի քիչ ջուր են պահանջում»,- նշեց նա: 

Քննարկման մասնակից «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը հետաքրքվեց, թե արդյոք գնահատվել  է նաև ստորերկրյա ջրային ռեսուրսների հիմնախնդիրն ու տարբեր նպատակների համար գետերի վերին հոսքի աղբյուրների և աղբրակալման պրոցեսը: Ի պատասխան Լևոն Ազիզյանն ասաց, որ ստորերկրյա ջրային պաշարների և աղբյուրների աղբրակալման պրոցեսի գնահատում կլիմայի փոփոխության համատեքստում կատարված չէ, սակայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հարց է բարձրացվել հետագայում անպայման քննարկման դնել և ուսումնասիրություններ կատարել կլիմայի փոփոխության ներքո ստորերկրյա ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման ուղղությամբ:

Շարունակելի



Մարտ 22, 2021 at 14:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր