Ո՞ւր է 295,6 մլն դրամ արժողությամբ «Watermaster Classic III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը Սևանի ափերի մաքրման համար

Ո՞ւր է 295,6 մլն դրամ արժողությամբ «Watermaster Classic III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը Սևանի ափերի մաքրման համար

2020թ. նախատեսված 271 հա Սևանա լճի ափամերձ տարածքների փոխարեն մաքրվել է ընդամենը 45 հա տարածք: Մաքրման աշխատանքը կատարել է «Հարությունյան Շին» ՍՊԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի պատվերով, որի հետ նախարարությունը 2019թ-ին պայմանագիր էր կնքել 2019-2021թթ. ընթացքում 750 հա տարածք մաքրելու վերաբերյալ:  «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար պետական բյուջեով նախատեսված է 208,238.5 հազար դրամ:

Թերի աշխատանքի պատճառով Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվել է հաստատել «Հարությունյան Շին» ՍՊԸ- իկատարողական ակտը և միակողմանիորեն լուծարել է պայմանագիրը: Նախարարությունը նախաձեռնել է այդ աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցով։

Սույն թվականի հուլիսի 8-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց վերաբաշխել 208,238.5 հազար դրամը: Այդ գումարից 132,570.0 հազար դրամը կուղղվի Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով մասնագիտացված մեքենամեխանիզմների և հատուկ սարքավորումների ձեռքբերման համար: 25,222.8 հազար դրամը կտրամադրվի «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման նպատակով տեխնիկական միջոցների շահագործումն ու սպասարկումն իրականացնելու համար:

Արդյունքում ձևավորված 50445,7 հազար դրամ գումարի չափով տարբերությունն ուղղվելու է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

Հիշեցնենք, որ դեռ 2010թ-ին Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման համար ՀՀ բնապահպանության նախարարությունը 295,6 միլիոն դրամով ձեռքբերեց «Watermaster Classic III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը: Թե այդ թանկարժեք էքսկավատորով որտեղ և ինչ աշխատանքներ են կատարվել, պաշտոնական լրատվությունը լռում է:

2019թ-ին Սևանա լճի հիմնախնդիրների վերաբերյալ էկոԼուրի կազմակերպած բնապահպանական հանրային դատի ժամանակ հարցին, թե «Watermaster» մեքենան ինչ վիճակում է և որտեղ, քանի տարի է գործում և քանի տարի չի գործում և ինչու չի գործում, ինչու է պահվել «Սևան» ազգային պարկի դարպասների դիմաց, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արայիկ Հունանյանը պատասխանեց. ««Watermaster»-ի համար այդ հարցը կարող եք ուղղել բնապահպանության ԾԻԳ-ին, միշտ իրենցն է եղել: Այդ տարի ԾԻԳ-ի աշխատանքներն ավարտվել էին, 3-4 ամիս մնացել էր մեզ մոտ: Հետո նորից հետ ենք հանձնել իրենց, դրանից հետո ում են տվել, չգիտենք»:

Հուլիս 08, 2021 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր