

«Սևան» ազգային պարկը կառավարման նոր պլան կունենա. այն համատեղ կմշակեն հայ, չեխ և սլովենացի մասնագետները: 2022թ. հուլիսի 22-ին ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում տեղի ունեցավ «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի պաշտոնական մեկնարկը:
«Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի մաս է, և այն իրականացնելու համար մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), «Սոլյուտոն» ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd (Չեխիա) և NaravaNarave d.o.o (Սլովենիա) կոնսորցիումը:
Շրջակա միջավայրի նախարարի տեղեկալ Արամ Մեյմարյանը կարևորեց նման փաստաթղթի մշակման աշխատանքներում հայկական կազմակերպությունների, մասնավորապես՝ Գիտությունների ազգային ակադեմիային ենթակա ինստիտուտի մասնակցությունը: «Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է մի քանի ասպեկտներով: Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն: Այն մեր հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է։ Չնայած Սևանա լճի պաշտպանության և վերականգնման ուղղությամբ ՀՀ բոլոր տարիների կառավարությունների գործադրած ջանքերին, այսօր լիճը և նրա էկոհամակարգը բազմաթիվ խնդիրների առջև են կանգնած: Խնդիրների լուծման մեջ ցանկացած նախաձեռնություն շատ կարևոր է: Շատ կարևոր հանգամանք է, որ պետական ինստիտուտն ունի այնքան գիտական ներուժ, որ մասնակցում է փաստաթղթի մշակմանը»,- նշեց Արամ Մեյմարյանը:
Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժ/պ Արսեն Գասպարյանն ընdգծեց, որ կոնսորցիումն ունիկալ է իր բնույթով: «Առաջին անգամ պետական ՊՈԱԿ-ը մեր ոլորտում առաջատար դեր է ստանձնել՝ խորհրդատվական նման լայնամասշտաբ և հանրապետության համար շատ կարևոր ծրագրի՝ «Սևան» ազգային պարկի հնգամյա պլանը կազմելու համար: Մեր նպատակն առաջին հերթին տեխնիկական առաջադրանքի կատարումն է՝ բարելավել կառավարչական շրջանակը Սևանի էկոհամակարգի պահպանության և ռեսուրսների ճիշտ ու կայուն օգտագործման համար»,- նշեց նա:
Ըստ Արսեն Գասպարյանի՝ իրենց առջև ծառացած ամենից մեծ խնդիրը վերաբերում է պարկի սահմաններին, սահմանազատման և գոտիավորման հարցերին: «Պետք է առաջարկել այնպիսի լուծումներ, որ համայնքերի և տարբեր շահառուների հետ առկա խնդիրները փորձենք լուծել: Խնդիրները տարբեր են. թե՛ տարածքում ապօրինի շինություններ, թե՛ գոտիավորման խնդիր կա: Ազգային պարկը պետք է ունենա տարբեր գոտիներ, բայց մենք այնտեղ մեծ ճնշում ունենք թե՛ կեղտաջրերի հետ կապված, թե ռեկրեացիոն գործընթացների կազմակերպման հետ կապված: Քաղաքային միջավայրը շատ մեծ ճնշում է գործադրում բնական էկոհամակարգերի վրա: Հիմա այս կառավարման պլանը լավ հնարավորություն է խնդիրներին լուծում տալու համար»,- նշեց նա:
ՄԱԶԾ «Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության» բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանը նշեց, որ ՄԱԶԾ-ն պատասխանատու է «EU4Sevan» ծրագրի հինգերորդ բաղադրիչի արդյունքի կատարման համար, որն ուղղված է Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավմանը: «Այս բաղադրիչի շրջանակներում նախատեսվում են հետևյալ ենթարդյունքները՝ մշակել կառավարման պլան, վերանայել Սևանա լճի կառավարմանն առնչվող քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակները և ուղղությունները: Շատ կարևոր է ունենալ տեսլական Սևանա լճի համար, իրականացնել լճի մակարդակի բարձրացման հետևանքով ազդեցությունների բազմակողմանի գնահատում՝ երկարաժամկետ միջոցառումների արդյունավետ պլանավորման և իրականացման համար, և տրամադրել տեխնիկական աջակցություն ազգային պարկին ափամերձ տարածքներում մաքրման աշխատանքներ իրականանցնելու գործում»,- ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ «Սևան» ազգային պարկի համար կառավարման պլանի կարևորությունն անհերքելի է: «Պլանը հիմնական գործիք է հանդիսանում պարկի տարածքում կենսաբազմազանության պահպանման և կենսառեսուրսների կայուն օգտագործման համար: Ազգային պարկի պլանը մշակվել էր դեռևս 2007թ.: Դրանից հետո վերանայում չի եղել: Մեկտեղելով այս ամենը՝ Սևանի շուրջ ծառացած խնդիրները՝ պլան ունենալը խիստ պարտադիր է»,- նշեց Հովհաննես Ղազարյանը:
Հանդիպման ընթացքում «Սևան» ազգային պարկի աշխատակից Արայիկ Հունանյանը ներկայացրեց ազգային պարկի գործունեությունը և իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:
Ծրագրի փորձագետ Մարտիորս Նալբանդյանն էլ անդրադարձավ կառավարման պլանի մշակման աշխատանքների մեթոդաբանությանը, ընդգծեց, որ պլանի մշակման գործում գործընկերային շրջանակը բավական լայն է՝ համայնքներ, բնակիչներ, գիտական կազմակերպություններ:
Հուլիս 28, 2022 at 11:56