

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարներ Գնել Սանոսյանը և Հակոբ Սիմիդյանը օգոստոսի 16-ին ընդունել են ջրամբարների, լճերի մաքրման աշխատանքներում մասնագիտացված «LG Sonic» ընկերության ներկայացուցիչներին։
«LG Sonic» ընկերությունը մասնագիտացված է ջրամբարների, լճերի մաքրման աշխատանքներում և ունի մշակված մեթոդ, որը թույլ է տալիս ջուրը մաքրել ջրիմուռներից, կայունացնել ջրի PH-ը, թափանցելիությունը և թթվածնի լուծելիությունը ջրում, որի արդյունքում էլ ջրում էկոհամակարգը վերականգնվում է։ Ընկերությունն աշխատում է աշխարհի 69 երկրում, որտեղ առկա են հանքարդյունաբերության, էներգիայի արտադրության և այլ պատճառներով աղտոտված ջրեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ ընկերության աշխատանքը Հայաստանին հետաքրքիր է, քանի որ Սևանա լճում նույնպես առկա է ջրի աղտոտվածության և ջրիմուռների «ծաղկման» խնդիր, և ողջունելի կլինի նշված մեթոդի կիրառման արդյունքում լուծել այդ խնդիրը։ «LG Sonic» ընկերության գործադիր տնօրեն Յուսեֆ Յուսեֆը մանրամասն ներկայացրել է իրենց ընկերության մշակած տեխնոլոգիան, ինչպես նաև ներկայացրել է աշխարհի մի քանի երկրներում տեխնոլոգիայի կիրառման արդյունքում ջրի մաքրման օրինակներ։ Նախարարները պատրաստվում են ընկերությանը փոխանցել Սևանա լճի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունների տվյալները, այց կազմակերպել և տեղում քննարկել Սևանը մաքրելու նշված տեխնոլոգիան։

Օգոստոս 22, 2022 at 10:41
