ԲՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ԲՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Էլմիրա Մարտիրոսյան, zhamanak.com

Կաշառակերության մեջ մեղադրվող Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը, նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ նրանց պաշտպանները վերաքննիչ բողոք էին բերել քրեական վերաքննիչ դատարան:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արսեն Պետրոսյանին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման, իսկ Տիգրան Պետրոսյանին` 7 տարվա ազատազրկման: Արսեն Պետրոսյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը «Ժամանակ»-ին փոխանցեց վերաքննիչ բողոք բերելու հիմքերը. «Առաջին ատյանի դատարանը իմ պաշտպանյալին` Արսեն Պետրոսյանին դատապարտել է պատժի` 10 տարի ժամանակով, գույքի 1/2 մասի բռնագրավումով, բայց ոչ ավել, քան 1 միլիոն 610 հազարի չափով: Վերաքննիչ բողոք է բերվել իմ կողմից ե՛ւ նյութական, ե՛ւ դատավարական նորմերի խախտման հիմքով: Մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի կաշառք): Միջնորդել եմ` 311-ի 3-րդ մասով արդարացման դատավճիռ կայացվի, իսկ 4-րդ մասի 2-րդ կետով` միջնորդել եմ վերաորակեն եւ նրա նկատմամբ պատիժ նշանակեն 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խարդախություն` կաշառք ստանալու պատրվակով): Այսինքն` առաջադրված մեղադրանքները ճիշտ որակված չեն, վերաորակման խնդիր կա»: Պաշտպանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ի՞նչը չի ապացուցվել, որ նման պահանջ են ներկայացնում, պարոն Վասակյանը պատասխանեց. «Երկու մասն էլ ապացուցված, հիմնավորված չի, քանի որ ճիշտ որակում տված չի: Այո՛, կա կատարածի մեջ հանցագործություն, հանցավոր արարք, բայց ոչ կաշառք ստանալու, այլ կաշառք ստանալու պատրվակով` խարդախության»: Ի դեպ, Արսեն Պետրոսյանի հարազատները նաեւ երկրորդ պաշտպան ներգրավելու ցանկություն էին հայտնել: Արսեն Պետրոսյանը երեկ դատարանում համաձայնեց, որ իր պաշտպանությունը նաեւ փաստաբան Սեդա Սաֆարյանն իրականացնի, եւ այդ կապակցությամբ դատական նիստի մասնակիցները առարկություն չներկայացրեցին, իսկ նիստից բացակա մեղադրողի դիրքորոշմանը դատարանը կծանոթանա հաջորդ դատական նիստին: Տիգրան Գրիգորյանի պաշտպան Արթուր Ղազարյանն էլ նշեց իր կողմից բերված բողոքարկման հիմքը եւ պահանջը. «Առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Տիգրան Գրիգորյանին եւ դատապարտել 7 տարի ժամանակով ազատազրկման: Մենք ընդհանրապես համաձայն չլինելով առաջադրված մեղադրանքին` վերաքննիչ բողոք ենք ներկայացրել եւ խնդրել ենք դատարանից, որ արդարացման դատավճիռ կայացնի: Ըստ պաշտպանական կողմի` մեղադրական եզրակացությունը հիմնավորված չէ գործով ձեռք բերված ապացույցներով, կոնկրետ հենց կաշառք ստանալու մասնակից լինելու հանգամանքը հիմնավորված չէ»: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Արսեն Պետրոսյանը 2009թ. «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Երեւան քաղաքի Աստղիկի գիպսատար կավերի եւ բազալտների հանքավայրում» հայտնաբերված բնապահպանական բնագավառի օրինախախտումները ստուգման ակտում չարձանագրելու եւ տուգանքի չափը նվազեցնելու համար ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ասլանյանից պահանջել եւ ստացել է 400 հազար դրամ կաշառք: Երկրորդ դրվագով էլ Արսեն Պետրոսյանը, իր անմիջական ղեկավար Տիգրան Գրիգորյանի հետ համաձայնության գալով, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի օգտին բնապահպանության բնագավառում գործող օրենսդրության պահանջների խախտումները ստուգման ակտում մասամբ արձանագրելու եւ այդ կերպ պետբյուջե վճարման ենթակա գումարը պակաս հաշվարկելու, ինչպես նաեւ ՓԲԸ-ի` Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար այդ ընկերության խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանից պահանջել եւ դեկտեմբերի 28-ին իր աշխատասենյակում ստացել է 5 մլն դրամ կաշառք, որից տեսչության պետ Տ.Գրիգորյանին է տվել 3 մլն 790 հազար դրամը, իսկ մնացած 1 մլն 210 հազար դրամը Ա.Պետրոսյանը պահել է իր մոտ:

Հաջորդ դատական նիստը` հոկտեմբերի 19-ին, ժամը 14-ին:

Հոկտեմբեր 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր