ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը (ՍԼՊՓՀ), ղեկավարվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 20 և 21 հոդվածների դրույթներով և հանձնաժողովի 2023թ. աշխատանքային տարեկան ծրագրով, 2023թ․ անցկացրել է 35 նիստ։ Քննարկվել են Սևանա լճին և ջրավազանին առնչվող ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և մի շարք ընկերությունների կողմից ներկայացված ծրագրեր, նախագծեր, հաշվետվություններ:
Հանձնաժողովին փորձաքննության ներկայացված 41 ծրագրերին, նախագծերին և առաջարկություններին տրվել է 16 բացասական և 25 դրական կարծիք։ Բացասական կարծիք է տրվել Սևանա լճից ջրառի, Սևանա լճի ջրավազանում տարբեր բնույթի հանքավայրերի բացման և կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների արդիականացման, երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ ծրագրերին ու նախագծերին։ Դրական կարծիք է տրվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման և օգտագործման, ոռոգման նպատակով, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների հիմնման, Գեղարքունիքի մարզում երկրաբանական հետախուզական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերին։
Հանձնաժողովը քննարկել և 19 առաջարկություն է տվել Սևանա լճից ջրբացթողումների, ջրակորուստների նվազեցման, բույսերի ջրապահանջի նորմերը պահպանելու, Սևանա լճի ջրածածկման ենթակա տարածքների մաքրման, Սևանա լճի բացասական հաշվեկշռի կարգավորման և բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրների վերաբերյալ։
Հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանություն է տրվել Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների վերաբերյալ որոշման նախագծին։
Ընթացիկ տարում իրականացվել է այց Սևանա լճի ջրավազան, կազմակերպվել են քննարկումներ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների, Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ծառայության մասնագետների հետ համատեղ: Համատեղ քննարկումներ են կազմակերպվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ:
Համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ հանձնաժողովը կազմակերպել է քննարկումներ «ADWISE Consulting» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն - EU4Sevan» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում իրականացող Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի սահմանման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի վերաբերյալ, EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող և պլանավորվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության պարբերական թարմացման նպատակով, EU4Sevan ծրագրի շրջանակներում 2023թ․ ընթացքում կատարված աշխատանքների և հետագա քայլերի վերաբերյալ:
Հանձնաժողովը պարբերաբար կազմակերպել է հանդիպումներ մամուլի ներկայացուցիչների հետ՝ հանրությանը ներկայացնելով Սևանա լճի խնդիրները:
Հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է 2024թ․ աշխատանքային ծրագիրը և տարեկան գործունեության հաշվետվությունը, որոնք ներկայացվում են ՀՀ ԳԱԱ նախագահին:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
Հունվար 08, 2024 at 16:14