Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի 6-րդ Համակարգող խորհրդի նիստը

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի 6-րդ Համակարգող խորհրդի նիստը

Մարտի 13-ին տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի թվով 6-րդ «Համակարգող խորհրդի նիստը»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից:

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել ծրագրի արդյունքներն ու ռազմավարական խնդիրները, քննարկել կառավարմանն առնչվող ռազմավարական ուղղորդումները, ինչպես նաև քննարկել համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները: 

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտի և Սևանա լճի համար ծրագրից բխած փոփոխություններին. «Ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից է լայն ճանաչումը բոլոր մակարդակներում և հարթակներում։ Ծրագրի բաղադրիչներից մեկով հիմնվել է Սևանա լճի ջրի որակական մոնիթորինգի համակարգը, որի արդյունքում լճի մասին խոսելիս կարողանում ենք վստահորեն անդրադառնալ նաև լճի ջրի որակական ցուցիչներին։ Այժմ կառավարության ֆինանսավորմամբ մենք ունենք ջրի որակի մոնիթորինգի կայացած համակարգ։ Այս ամենի արդյունքում փոփոխություններն անխուսափելի են, քանզի որոշումների հիմքում լինելու են գիտական տվյալները, ծրագրի շրջանակում «Սևանա լճի մասին» օրենքը շատ կարևոր ուղենիշ ենք մեզ համար սահմանել»: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության համար ռիսկերի գնահատմանը, որտեղ բնապահպանական ռիսկերն ամենակրիտիկականների շարքում են՝ ընգծելով EU4Sevan ծրագրի կարևորությունը: 

Հայաստանում Գերմանիայի զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը նշել է. «Ծրագիրը բազում հաջողություններ է գրանցել իրականացման ընթացքում, որոնցից ցանկանում եմ առանձնացնել իրազեկման բարձրացման ոլորտում կատարված աշխատանքները և դպրոցահասակ երեխաների ակտիվ ներգրավվածությունը, որը կարևորագույն ձեռքբերումներից է ապագա սերնդի համար: Հիանալի արդյունքներ են գրանցվել նաև կայուն հողագործության, ինչպես նաև ծրագրի և մյուս ոլորտներում»:

ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը նույնպես անդրադարձել է ծրագրի արդյունքներին, ընգծելով դրանց կայունության ապահովման ու պիլոտավորված ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ դա հնարավոր կլինի ապագայում: 

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին կարևորել է EU4Sevan ծրագրի ռազմավարական նշանակությունը և համաձայնել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ, որ իրավական և ռազմավարական շրջանակների բարելավումը շատ կարևոր է լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարման համար՝ ընդգծելով արդյունավետ միջոլորտային համակարգման անհրաժեշտությունն այս բազմաչափ խնդրի արդյունավետությունն ապահովելու համար։

Ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը ներկայացրել են ծրագրի արդյունքներն ու ռազմավարական խնդիրները:
Հանդիպումն ամփոփվել է ներկայացված ռազմավարական ուղղությունների քննարկմամբ:

Մարտ 20, 2024 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր