ՀՀ կառավարությունը սահմանեց սիգի ձկնկիթի արտահանման արգելք 6 ամիս ժամկետով

ՀՀ կառավարությունը սահմանեց սիգի ձկնկիթի արտահանման արգելք 6 ամիս ժամկետով

ՀՀ կառավարությունը սահմանեց ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք 6 ամիս ժամկետով։

Ըստ որոշման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում  վերջին տարիներին նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019թ․՝ 2668 տոննա, 2020թ․՝ 2345 տոննա, 2021թ․՝ 5348 տոննա, 2022թ․՝ 4700 տոննա, 2023թ․՝ 3974 տոննա)։

Սա հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում (2020թ․՝ 300 տոննա, 2021թ․՝ 300 տոննա, 2022 թ․՝ 600 տոննա, 2023թ․՝ 600 տոննա, 2024թ․՝ 679 տոննա, 2025թ․՝ 314 տոննա մինչև հունիսի 1-ը):

Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռ չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։

«Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթն ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում», - նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ։

Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի  իրականացում։

Հունիս 23, 2025 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր