

ՀՀ-ն նպատակ ունի զարգացնելու ինտենսիվ բուսաբուծությունը և ինտենսիվ, տոհմային անասնաբուծությունը։ Այս նպատակով խմբագրվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների՝ 2023-2026թթ․ միջոցառումների ծրագիրը։ Ավելացվել են մի շարք նոր միջոցառումներ՝ ուղղված արոտավայրերի բարելավմանը, ինտենսիվ, տոհմային անասնաբուծության զարգացմանը: Ս․թ․ հունիսի 12-ին գործադիրը հաստատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած «ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ինտենսիվ բուսաբուծության զարգացման համար նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր, արոտավայրերի բարելավման միջոցառումներ, իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումներ, ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ առավել վտանգավոր հիվանդությունների և վնասատուների բռնկումների կանխարգելման և կառավարման արագ արձագանքման համար, զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը, ինտենսիվ այգեգործությունը։
Ըստ փաստաթղթի՝ տարեկան շուրջ 1000 հեկտարի ինտենսիվ այգիներ կհիմնվեն, իսկ ինտենսիվ այգիների շուրջ 100 հեկտար հողատարածքում պետք է ներդրվեն կարկտապաշտպան ցանցեր։
Նախատեսվում է խթանել հավաստագրված սերմերի, սածիլի և տնկանյութի արտադրությունը։ Այս կետով 2024-2026թթ. յուրաքանչյուր տարի պետք է ապահովվի 10․000 տոննա հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի և 0,5 տոննա բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերի, թվով 600 հազար հատ սածիլի հասանելիություն։ 2027թ-ին արդեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար պետք է ապահովվի 3000 տոննա A դասի տնկանյութ։
Նաև նախատեսվում է խթանել անասնակերի արտադրությունը՝ ապահովելով տարեկան շուրջ 700-750 հազար տոննա խոտի և կանաչ կերի արտադրություն։
Բուսաբուծության զարգացման միջոցառումներից է մշակաբույսերի ցանքատարածությունները տարեկան 10-15%-ով ընդլայնումը։ Իսկ տարեկան շուրջ 1000 հեկտար տարածքում պետք է ներդրվեն ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներ։ Խաղողագործության ոլորտում պետք է ստեղծվի խաղողի տնկարկների ռեեստր, որը կպարունակի շուրջ 13․000 հեկտար տնկարկների ագրոնոմիական անձնագրեր, շուրջ 12․000 խաղողագործ ֆերմերների տվյալների բազա։ Մինչև 2026 թվականի ավարտը պետք է ունենալ մինչև 400 հեկտար միավորված հողատարածքներ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման նպատակով։
Նաև նախատեսվում է հիմնել վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգ, ըստ գյուղատնտեսական գոտիների գնահատել մշակաբույսերի արդյունավետ մշակության հնարավորությունները փոփոխվող բնակլիմայական պայմաններում, ներդնել կարկտապաշտպան ցանցեր, մշակել ծրագիր տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար, անդամակցել Բույսերի սորտերի պահպանության միջազգային միությանը (UPOV) և ինտեգրում Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալին։
Ինտենսիվ, տոհմային անասնաբուծության զարգացման նպատակով նախատեսվում է իրականացնել տոհմային կենդանիների ձեռք բերման աջակցության ծրագրեր, աջակցել «Խելացի» անասնաշենքերի կառուցմանը կամ վերակառուցմանը և դրանց տեխնոլոգիական ապահովմանը, մշակել անասնաբուժական դեղամիջոցների (հատկապես հակաբիոտիկների) շրջանառության կարգ, իրականացնել ոչխարաբուծության և այծաբուծության, մեղվաբուծության զարգացման ծրագրերը։ Նախատեսվում է ավելացնել բարձրորակ ապրանքային մեղրի քանակը ծախսերի 50% փոխհատուցման միջոցով, նաև ներդնել արդյունաբերական խեցգետնաբուծության համար ժամանակակից տեխնոլոգիաներ։
Իսկ Հանրապետության տավարի նախիրներում և ոչխարի հոտերում տոհմային կենդանիների տեսակարար կշիռը պետք է ավելանա 1,5-2% (տարեկան 500-600 գլուխ)։ Նշված է, որ ներկայում իրականացվում է գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզի դեմ պայքարի միջոցառում՝ «Ցտեսություն բրուցելոզ․ Հայաստանում բրուցելոզի կանխարգելման, հայտնաբերման և հսկողության համապարփակ մոտեցում» ծրագրի շրջանակում։
Հունիս 23, 2025 at 17:10
