Նոր զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն Արենիում՝ ի նպաստ համայնքային զարգացման

Նոր զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն Արենիում՝ ի նպաստ համայնքային զարգացման

Հունիսի 13-ին Արենիում տեղի ունեցավ այցելուների կենտրոնի պաշտոնական բացումը։ Կենտրոնը գործելու է որպես զբոսաշրջային տեղեկատվական հարթակ՝ ուղղված համայնքում կայուն զբոսաշրջության խթանմանը։

WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը ողջույնի խոսքում նշեց․ «Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում՝ ի նպաստ հայրենի բնության պահպանման և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման»։

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը նշեց․ «Կենտրոնի գործարկումը կարևոր քայլ է մեր համայնքի կայուն զարգացման ուղղությամբ։ Սա նաև լուրջ խթան է զբոսաշրջային քարտեզում տարածաշրջանի տեսանելիությունը մեծացնելու գործում»։

Կենտրոնը ստեղծվել է «Արփա» բնապահպանական հիմնադրամի կողմից՝ Կովկասի բնության հիմնադրամ (CNF) Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։ Կենտրոնի գործունեության մեկնարկի համար անհրաժեշտ կահավորումն իրականացվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակում։ Ծրագրով նաև մշակվել են նոր զբոսաշրջային ծառայություններ՝ WWF-Հայաստանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։

«Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը ներկայացրեց 2024թ․ ընթացքում իրականացված ծրագրերն և աշխատանքները։ Կենտրոնը կնպաստի Արենիում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, կընդլայնի հիմնադրամի գործունեությունը։ Ացելուների կենտրոնի բացումը կարևորվում է նաև նրանով, որ այն կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն մարզում փորձառությունների ու զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ։ 

Միջոցառմանը ներկա էին Արենի համայնքի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, ներկայացուցիչներ WWF-Հայաստանից, CNF-Հայաստանից և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ։

Հունիս 19, 2025 at 13:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր