

Արմենպրես
Գավառի օդերեւութաբանական կայանի տվյալների համաձայն` ապրիլի 27-ի դրությամբ` Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 12 սանտիմետր բարձրության վրա, ինչը 33 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կայանից, վերջին մեկ ամսվա ընթացքում, մարտի 27-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում Սեւանի մակարդակը բարձրացել է 12 սանտիմետրով: Սակայն սա կապված է ոչ թե ձնհալքի, այլ ապրիլ ամսվա ընթացքում գրանցված առատ տեղումների հետ. ապրիլի առաջին քսանվեց օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում տեղումների քանակությունը կազմել է 71,8 միլիմետր:
Իսկ հիմնական ձնհալը դեռեւս չի սկսվել` օդի նվազ ջերմաստիճանի պատճառով: Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների համաձայն` մինչեւ մայիսի 4-ը Գեղարքունիքում կշարունակվեն տեղումները, հնարավոր է` ձյան տեսքով, ինչը տեղի է ունեցել նաեւ այսօր առավոտյան: Մասնագետների կարծիքով` Սեւան թափվող գետերի կտրուկ վարարումներ մինչեւ մայիսի առաջին շաբաթվա ընթացքում տեղի չեն ունենա եւ հեղեղումների հավանականությունն առայժմ փոքր է: Սակայն դրանց մասին մտավախություն կարող է լինել մայիսի երկրորդ կեսին, երբ ջերմաստիճանը կտրուկ բարձրանա եւ սկսվի լեռներում ու ձորերում կուտակված առատ ձնածածկույթի հալքը:
Ապրիլ 28, 2011 at 15:33
