Սևանի խնդիրները պայմանավորված են կոռուպցիայով

Սևանի խնդիրները պայմանավորված են կոռուպցիայով

www.1in.am

Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը վերացնելու ուղղությամբ գործող քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 16-ին Սևանա լճի խնդրի շուրջ քննարկում անցկացրեց։ Անդրեաս Ղուկասյանի կողմից համակարգվող նախաձեռնությունը, որ նպատակ ունի մեծացնելու կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության դերը և ունի նաև մշտապես գործող ֆորում, առաջին քննարկման թեմա է ընտրել Սևանի խնդիրը, որովհետև դրա առաջացման մեջ ակնհայտ են կոռուպցիայի հետևանքները։

«Սևանն առնվազն 10 միլիարդի արժեք ունի, այն կարող է ՀՆԱ-ին բերել 2 միլիարդ դրամ, սակայն հիմա՝ ՀՆԱ-ում Սևանի բերած եկամուտը չի գերազանցում 100 միլիոն դրամը»,- ասում է Անդրեաս Ղուկասյանը և այս անհաջողությունը համարում ոչ էֆեկտիվ կառավարման արդյունք, ինչի մասին են վկայում նաև 1 միլիարդ դրամի չարաշահումները։

Քննարկան ընթացքում նախաձեռնողները ներկայացրին նաև լուսանկարներ։ Պարզ երևում է, որ մինչդեռ 2001 թվականին արված լուսանկարներում ջուրը կապույտ գույն ունի, 2008-2011 թթ. արված նկարներում ջուրը կանաչ է և ակնհայտ է օրգանական միկրոօրգանիզմերի անարգել աճը՝ «ծաղկումը»։ Լուսանկարները նաև ցույց են տալիս, որ լճի որոշ հատվածներում գոյացել են վտանգավոր ճահիճներ, որոնց վերացումը մեծ ջանքեր է պահանջում, ջրի տակ են մնացել բազում շենքեր, որոնց ապամոնտաժումը ջրի մակարդակի բարձրացումից հետո շատ ավելի բարդ է։ Ջրի որակի վատացման մասին է վկայում նաև լճի բնաշխարհի հավասարակշռության խախտումը։ Եթե մոտ երեսուն տարի անց Սևանի բրենդն էր իշխանը, տաս տարի առաջ՝ սիգը, ապա այժմ լճում ամենատարածված կենդանատեսակը խեգետինն է, ինչն իր հերթին վկայում է ջրի որակի աղետալի վատթարացման, ճահճացման մասին։

Սևանը կորցրել է իր արժեքի 10%-ը, ասում է Անդերաս Ղուկասյանը՝ վկայակոչելով USL համալսարանի փորձագետների ուսումնասիրության արդյունքները։

Սևանի ազգային պարկի նախագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը, շատ մտահոգիչ համարելով Սևանի առկա վիճակը, ասում է. «Այժմ չունենք ազգային պարկ, այլ տարածք՝ բաժանված հողամասերի, որոնց սեփականատերերը բարձր պաշտոնյաներ են և չեն ցանկանում իրենց վարձակալած տարածքներում կառուցված շինություններն ապամոնտաժել։

«Նույն պատգամավորները, ովքեր Սևանի մասին օրենք են հանում, վիլաներ են կառուցում Սևանի ափին, այսինքն՝ իրենք չեն հավատում իրենց իսկ ընդունած օրենքին»,-ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը։

Ըստ Սևանի ազգային պարկի նախագծի հեղինակի՝ այդ վարձակալողները մեղք չունեն, նրանց հողհատկացումը անօրեն է կատարվել՝ խախտելով բարձրության սահմանված նիշերը, ուստի այդ մարդկանց սեփականությունն ապամոնտաժելու դիմաց ոչ թե պետք է պետբյուջերից՝ հասարակության հաշվին փոխհատուցում արվի, այլ պետք է պատժվեն հողհատկացում իրականացնողները։

Տարածաշրջանի ամենամեծ հարստությունը նավթը չէ, Սևանն է
www.1in.am

Սեյսմիկ 3 ծանր խնդիրներ ունենք տարածաշրջանում, սակայն դրանցից ամենադժվարը Սևանն է։ Այս մասին տեղեկացնում և իր խորին մտահոգությունն է հայտնում ֆիզ.-մաթ. գիտությունների թեկանծու, դոցենտ Մանե Հակոբյանը։

Սևանը փրկելու անհրաժեշտությունը կարևոր է ոչ միայն նրանով, որ ջրային ռեսուրսների պակաս կա ամբողջ աշխարհում, իսկ այժմ Սևանին ճահճացում է սպառնում, այլև նրանով, որ Սևանը մեծ սեյսմիկ վտանգ է ներկայացնում։

«Դա նման է մեծ հրաբուխի, որի պայթելն աղետալի կլինի։ Եթե մենք անկարող ենք որևէ բան անել, և այդպես էլ ջրի մակարդակը չբարձրացնենք, ապա Սևանը փրկելուն կմիջամտեն ՄԱԿ-ը և այլ միջազգային կառույցներ»,- համոզմունք է հայտնում Մանե Հակոբյանը։ Ընդ որում՝ փորձագետն անիմաստ է համարում Սևանի ջրի մակարդակի բարձրացումը անհրաժեշտ հաշվարկվածից՝ 1916 մետրից պակաս։ Ջրի մակարդակի պակաս բարձրացումը կարող է բերել ճահճացման և մեծացնել սեյսմիկ վտանգը։

«Եթե ոչ մասնագետները չղեկավարեն այս ոլորտը, մենք կկարողանանք արտաքին փողերով և որակով, առանց լիճը ճահճացնելու, լցնել մեր Սևանը»,- ասում է Մանե Հակոբյանը։ «Այս ամբողջ տարածաշրջանի ամենամեծ հարստությունը նավթը չէ, գազը չէ՝ Սևանն է»,- Սևանի կարևորությունն աշխարհի համար շատ բարձր է գնահատում նաև Սևան ազգային պարկի ծրագրի հեղինակ Գագիկ Սուխուդյանը և մտահոգություն հայտնում, որ լճի կարևորությունը չեն գիտակցում։

Գորտը կդառնա Սեւանի բրենդը
Ա.Հովյան, Հայոց Աշխարհ

Սեւանա լճի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունը «Կոնգրես» հյուրանոցում հունիսի
16-ին, մի շարք հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, Սեւանա լճի վիճակի, բնապահպանական խնդիրների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել:
  
-Սեւանի բրենդը սկզբում իշխանն էր, հետո՝ սիգը, հիմա՝ խեցգետինը,- ասաց հիշյալ նախաձեռնության համակարգող ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ եւ մտավախություն հայտնեց, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու, լճի բնապաշարների ոչնչացումը շարունակելու պարագայում Սեւանի հաջորդ բրենդը կլինի գորտը։
  
Նրա տեղեկացմամբ, իրենք, ներգրավելով Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկի ուսանողներին, կատարել են Սեւանա լճի հետազոտություն։ Ներկայացնելով դրա նախնական արդյունքները՝ նախաձեռնության համակարգողն ասաց.
  
-Առնվազն 10 միլիարդ դոլարին հավասար արժեք է Սեւանը որպես բնական կապիտալ, եւ առնվազն 2 միլիարդի ՀՆԱ կարող է ապահովել Սեւանն իր ռեսուրսներով։

Չնայած վերը նշվածին, ըստ Ա.Ղուկասյանի, այն, ինչ այսօր օգտագործվում է Սեւանա լճի ներուժից, 100 մլն դոլարը չի գերազանցում։
  
Անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները խիստ անարդյունավետ գնահատելով, նախաձեռնության համակարգողն ասաց, որ 2006թ. կառավարման պլանների համաձայն, ջրի տակ չթողնելու համար մաքրման ենթակա անտառածածկ տարածքները կազմում են մոտ 1280 հա, սակայն, ըստ պաշտոնական տվյալների, մինչ այսօր պատվիրվել են 767 հա մաքրման աշխատանքներ։
  
-Նույնիսկ այդ 767 հեկտարից 100-ը պաշտոնապես արձանագրված է, որ կատարված չէ,- ասաց Ա.Ղուկասյանը եւ միաժամանակ նշեց, որ բնապահպանության նախարարության աշխատակիցների գործողությունների առնչությամբ հարուցված քրեական գործերը, Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքները, մի խոսքով, պետական մարմինների արձանագրածն ամփոփելով, կտեսնենք, որ վերջին 4 տարվա ընթացքում ֆինանսական չարաշահումների չափը 1 մլն դոլարն անցել է։
  
Ըստ «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն, 70-ական թթ. ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ ԳԱԳԻԿ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ, ինքը չէր համարձակվի Սեւանա լիճը գնահատել որեւէ թվով՝ միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարներով, որովհետեւ ցանկացած կազմակերպություն, որն ունի դրանից թեկուզ տասնապատիկ ավելի գումար, չի կարող ստեղծել Սեւանա լիճ։
  
Ինչ բան է լճի բարձրացումը։ Դա ծառահատում չէ միայն, անգամ արմատախիլ անել չէ։ Դա մեծ գիտական, նախագծային աշխատանք է, որը պահանջում է մասնագետներ՝ երկրաբաններ, բուսաբաններ, կենսաբաններ, կենդանաբաններ, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ, հիդրոլոգներ, որոնք պետք է նստեն, այդ բարձրացման նախագծային աշխատանքը կատարեն։
  
Իսկ մենք ի՞նչ ենք արել. մենք բռնել ենք, «Սեւան» ազգային պարկը սովորական ամառանոցային բաների պես բաժանել ենք հատվածների։ Մենք 78 թվականի որոշումը իսպառ ջնջել ենք, մենք այսօր չունենք ազգային պարկ։ Մենք ունենք բաժանված, բազմապատկված հողամասեր եւ լրացուցիչ ու լուրջ խոչընդոտ Սեւանի ջուրը բարձրացնելու համար։
  
Ըստ «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրենի, շատ լուրջ, ազդեցիկ մարդիկ Սեւանա լճի հարեւանությամբ ունեն հողամասեր, առանձնատներ, եւ դրա համար ոչ մեկը չի հավատում, որ Սեւանը կբարձրանա։
  
Գ.Սուխուդյանի հավաստմամբ, էկոլոգիական առումով ավելի ծանր է Մեծ Սեւանի վիճակը, որտեղ խորություններն ավելի քիչ են, իսկ Սեւանա լիճ լցվող բոլոր 28 գետերը աղբատարներ են։ Ցավոք, մենք չենք հասկանում, որ մեր ամենամեծ հարստությունը Սեւանա լիճն է, 15 տարի հետո ոչ նավթը, ոչ գազը, այլ ջուրն է լինելու ամենամեծ հարստությունը։
  
Անդրադառնալով լճին վնաս պատճառող հանքարդյունաբերությանը, Գ.Սուխուդյանն ասաց.
  
-Միայն Սոթքը չէ, չնայած ամենավտանգավորը Սոթքն է։ Տեսեք այն ավազի հանքերը, խճի հանքերը։ Ամեն մեկն առաջին պլանից չի երեւում, ղեկավարությունը հիմնականում գնում, պտտվում է օղակաձեւ ճանապարհով, չի տեսնում սարերի այն կողմն ինչ է կատարվում։ Սարսափելի բաներ են՝ ավերված լանդշաֆտներ՝ կարծես ռմբակոծությունից հետո։
  
-Մենք բոլորս համոզված ենք, որ լճի մակարդակը պետք է բարձրացվի, բայց իրոք պետք է բարձրացվի մաքուր ջրով,- ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։- Հսկայական ծրագիր է իրականացվել դեռեւս խորհրդային տարիներից։ 40 ինստիտուտ են աշխատել, իրենց բոլոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մակարդակը պետք է բարձրացնել առնվազն 6 մետրով, ընդ որում, այդ 1903,5 մետրն առնվազն 6 մետրը չի ապահովում։

Հունիս 17, 2011 at 17:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր