Սևանա լիճը գողերից, կոռումպացված չինովնիկներից ազատվելու կարիք ունի

Սևանա լիճը գողերից, կոռումպացված չինովնիկներից ազատվելու կարիք ունի

Արման Հովեյան, Հայացք

Մամուլի ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի «Հայէկոմոնիտորինգի» տնօրենի գիտարտադրական հարցերով տեղակալ Սեյրան Մինասյանը, պատասխանելով հարցին, թե Սևանա լիճն այսօր առաջնահերթորեն ինչի՞ կարիք ունի, լճի փրկության գերակա խնդիրը ո՞րն է, ասաց.

- Գողերից և կոռումպացված չինովնիկներից ազատվելու կարիք ունի Սևանը, ուրիշ բան չկա: Ջրի մակերեսով նավով ման եմ եկել, ամբողջ մակերեսին ձկնագողերի շշերն էին գիշեր-ցերեկ: Դրանք նշաններ են, որ ցածում ցանց կա կախված: Ամբողջ Սևանը դա է, դրա համար էլ այս վիճակն է:

Պատասխանելով մեր հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ դրանք խեցգետին բռնելու համար դրված ցանցեր են եղել, Ս. Մինասյանը վստահաբար ասաց` ոչ, իսկ քիչ անց հավելեց, որ հուլիսի 27-ին նույն վիճակն է տեսել և Փոքր, և Մեծ Սևանում, բայց վերջինում ձկնագողերի որսագործիքներն ավելի շատ են:

- Սաղմոն (Ա. Հ.) ձկան կերն այսօր Սևանում լիքն է, այսօր կարող է մեծ քանակի սաղմոն ձուկ աճել լճում, բայց ձուկը դեռ չմեծացած` գողանում են,- ասաց տնօրենի տեղակալը:

Ստորջրյա քարանձավների հետազոտման և խորը սուզումների (մինչև 150 մետր) մասնագետ Կլոդ Թուլումջյանը և Ստեփան Կոջայանը` երկուսն էլ Ֆրանսիայից, համառոտ ներկայացրին Սևանա լճի 2011 թ. ստորջրյա հետազոտությունների արդյունքները:

Ս. Կոջայանի տեղեկացմամբ` ի տարբերություն նախորդ տարվա, երբ Սևանա լճում սուզման առավելագույն խորությունը 26 մետր էր, այս տարի սուզվել են մինչև 38 մետր, չափելով ջրի ջերմաստիճանը` պարզել, որ այն 3 աստիճան է, բացի դրանից` կատարել են նաև գիշերային սուզումներ: Ս. Մինասյանի հավաստմամբ` դաշտային չափումների, այսինքն` նախնական տվյալներով, Սևանա լճի ջուրն այս տարի շատ ավելի մաքուր է, քան անցյալ և նախորդ տարիներին, բարելավվել է նաև ջրի գույնը` կանաչից դառնալով կապույտ:

Օգոստոս 03, 2011 at 14:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր