Սեւանի մաքրությունը բոլորիս խնդիրն է

Սեւանի մաքրությունը բոլորիս խնդիրն է

Պետրոս Սարուխանյան, Հայաստանի Հանրապետություն

Երբ այս տարվա գարնանը Սեւանի ափին ձեւավորվեցին հանրային երկու լողափեր, մեծացավ նաեւ լճի նկատմամբ ուշադրությունը մաքրության առումով։ Հաճելի չէ լողանալ այնտեղ, որտեղ տարածքը բարեկարգ եւ մաքուր չէ։ Տգեղ է, երբ հանգստացողներն իրենցից հետո կենցաղային աղբի մեծ քանակություն են թողնում։ Եվ, ընդհանրապես, ներելի չէ, որ մեր աչքի լույս լճի ափերը ծածկվում են աղտեղությամբ։

Վերջին տարիներին կառավարությունն իրականացնում է «Մաքուր հայրենիք» ծրագիրը, որի շրջանակներում քարոզչական նկատելի աշխատանք է կատարվում բնությունը մաքուր պահելու գաղափարը հանրապետությունում միս ու արյուն դարձնելու համար։ Այս ծրագրից, թերեւս, ամենամեծ շահողը Սեւանն է։ Միանգամայն բնական իրողություն։

Օգոստոսի 27—ին հերթական բնապահպանական ակցիան էր կազմակերպել բնապահպանության նախարարությունը։ Նախարարության, ՀՀԿ–ի, «Միասին» երիտասարդական շարժման երեսուն երիտասարդ ներկայացուցիչներ Երեւան–Սեւան մայրուղու՝ լճամերձ մի հատվածից հեծանվային արշավի դուրս եկան՝ «Մաքուր հայրենիք», «Մաքուր Սեւան» խորագիրը կրող պաստառներով։ Արշավի առաջնորդողները բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն էին։

Արշավախումբը եզրագիծը հատեց հանրային 1—ին լողափում։ Ակցիայի նպատակը, ըստ էության, հանգստացողներին եւ լճի հարեւան համայնքների բնակիչներին Սեւանի ափերը մաքուր պահելու հրամայականը ըմբռնելի դարձնելն էր։ Ցավոք, անբարենպաստ եղանակը թույլ չէր տվել, որ հանգստյան այդ լողափը մարդաշատ լիներ, եւ հեծանվաարշավի նպատակը լրիվ իրականանար։ Շատ քիչ թվով հանգստացողներ կային լողափին։ Այդուհանդերձ, կարծում ենք, նախաձեռնությունը դրանից չի իմաստազրկվում։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ, սա այս տարվա հեծանվային երկրորդ արշավն էր, որ կազմակերպել է նախարարությունը։ Առաջինը կազմակերպվել է բնապահպանի օրը՝ հուլիսի 5—ին, Երեւանում։ «Հեծանվային արշավը բավական ազդեցիկ հոգեբանական քարոզչական նշանակություն ունի։ Չնայած այսօրվա արշավի նշանաբանը «Մաքուր Սեւան» է, բայց ընդհանուր նպատակն է մեր նոր սերնդին, երիտասարդ հայրենակիցներին հորդորելը եւ համոզելը, որ հեծանիվը նույնպես լավագույն փոխադրամիջոցներից է, որով կարելի նաեւ բավարարվածություն եւ հաճույք ստանալ»,–ասաց նախարարը։ Մի հանգամանք, որը, ցավոք, մեզանում լայնորեն ընդունված չէ։

Այս հանգստյան սեզոնին Սեւանի երկու հանրային լողափերում, ըստ նախարարի, սպասարկվել է շուրջ 110 հազար մարդ։

Հանրային լողափերի ձեւավորման գործընթացը շարունակվելու է։ Ըստ Արամ Հարությունյանի, քաղաքաշինության նախարարության գոտիավորման պլանով նախատեսված է Սեւանի ափերին ձեւավորել ընդհանուր առմամբ վաթսունհինգ հանրային լողափ։ Ավելին, նախարարի համոզմամբ, անհրաժեշտ չի լինի։ Այս օրերին եւս մի լողափ ձեւավորվում է Լճաշենի տարածքում։ Մինչեւ եկող տարվա հանգստի շրջանը սկսվելը լողափը պատրաստ կլինի։ «Այս տարվա փորձը ցույց տվեց, որ միայն լողափը բավարար չէ, պետք է լինի լիարժեք հանգստի գոտի, որը կունենա նաեւ ավտոկայանատեղ, հանգստի եւ սպասարկման պայմաններ։ Առանց մեկը մյուսին լրացնելու ամբողջական հանգիստ չի ստացվի»,–համոզված է նախարարը։ Իսկ հարցին, թե հանրային լողափերը ի՞նչ մրցակցություն կարող են առաջացնել մասնավոր լողափերի համար, նախարարը հետեւյալ կերպ պատասխանեց. «Մրցակցության լուրջ ձգտում չունենք, սակայն ինքնին այդպիսի վիճակը ստեղծվում է։ Մենք, որպես պետության լիազորված մարմին, առաջարկում ենք մեր պայմանները, մասնավորն էլ առաջարկում է իրենը։ Գնահատականը տալիս է հանգստացողը։ Մեր խնդիրն այն է, որ լավագույն ծառայությունն առաջարկվի հանգստացողին»։

Նախարարի հավաստմամբ, գործող երկու լողափերում էլ ապահովվել է բավարար մաքրություն։ Որոշ խնդիրներ առաջացրել են բիոզուգարանները, քանի որ դրանք փոքրաթիվ լինելով պատրաստ չեն եղել տասնյակ հազարավոր մարդկանց սպասարկելու, սակայն այս սեզոնի ավարտից հետո խնդիրները կկարգավորվեն։

Մի բան, որը չի կարող չուրախացնել Սեւան այցելողին, ջրի անհամեմատ մաքրությունն է։ Հանրային երկու լողափերում էլ ջուրը մաքուր էր ու թափանցիկ, ինչպիսին չի եղել Սեւանը վերջին տասնամյակներին։

Օգոստոս 31, 2011 at 15:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր