

ԷկոԼուր
Ծովազարդ համայնքը թեպետ մտնում է Սեւանա լիճը շրջապատող գյուղերի շարքի մեջ, սակայն անմիջապես Սեւանի ափին չէ տեղակայված: Այստեղ մարդիկ մշտապես գյուղատնտեսական գործունեությամբ են զբաղվել: Խորհրդային տարիներին բնակչության մի մասն աշխատում էր ձեռնարկություններում: Բայց հիմա ձեռնարկությունները փակ են: Գյուղում մոտ 400 տուն կա, որտեղ ապրում է 2200 բնակիչ: Թե ինչպես են Ծովազարդում մարդիկ ապրում, ԷկոԼուրին պատմում է գյուղապետ Արամ Կատվալյանը:
ԷկոԼուր.
- Կառավարության հետ համագործակցո՞ւմ եք:
Արամ Կատվալյան.
Կառավարության հետ համագործակցում ենք նայած թե ինչ հարցերում: Ոչ լիովին, բայց որոշակի հարցերում համագործակցում ենք. հարցնում են նաեւ ափամերձ համայնքների կարծիքը:
Ձուկ լցնելու արդյունքները տեսանելի են: Լսում ենք, եւ իմանում ենք, որ իշխանի պաշարն ինչ-որ չափով ավելանում է, բայց սիգի պաշարների պակասելու հետ չեմ կարող ասել: Յուրաքանչյուրը յուրովի կարծիք ունի:
Ափամերձ տարածքները հիմնականում մասնավորների կողմից օգտագործվող տարածքներ են, որոնք մեծամասամբ իրենց միջոցներով մաքրում են: Մենք ափին տարածք չունենք: Զբաղվում ենք անասնաահությամբ:
Անասնապահության առումով վերջին տարիների կաթի գնի բարաձրացման հետ կապված ահագին առաջընթաց զգացվում է, հողագործությունը մի քիչ կաղում է տեխնիկայի բացակայության առումով: Որոշակիորեն հողագործությամբ զբաղվում են, բայց ոչ այն ծավալով, ինչքան որ հնարավոր է: Իմ կարծիքն է, որ հողագործությունն աստիճանաբար պիտի գնա խոշորացման, որովհետեւ մասնատված են հողակտորները, շատ փոքր են, եւ տեխնիկան է դժվար աշխատում, եւ մարդը չի կարողանում նորմալ եկամուտ ստանալ տվյալ հողակտորից:
ԷկոԼուր.
- Սեւանա լճի համար էկոլոգիական խնդիրներ տեսնո՞ւմ եք:
Արամ Կատվալյան.
- Ջրի մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել անպայման: Սակայն մի քիչ շատ բարձրացնել, իջեցնելը, ինձ թվում է, լճի էկոլոգիային որոշակի ազդում է:
ԷկոԼուր.
-Լճից այս տարի բաց թողեցին 169միլիոն խմ ջուր, ըստ Ձեզ` դա նորմա՞լ է:
Արամ Կատվալյան.
-Ճիշտն ասած այս պահին, որ ես նայում եմ, լճի մակարդակը շատ նորմալ է: Բացթողումը` այսինքն մուտքն ու ելքը պետք է կատարվի համամասնորեն, մի անգամից շատ չբարձրանա, խոտածածկ տարածքները ընդգրկի, նորից հետ թողնեն ու նորից գա խոտածածկին: Կտրուկ բարձրացումներն ու իջեցումները, ես կարծում եմ, որ խանգարում են լճին:
ԷկոԼուր.
-Ի՞նչ առաջարկներով կարող եք հանդես գալ:
Արամ Կատվալյան.
-Մարզը բարձր լեռնային է, որտեղ հողագործությունը չեմ կարծում, որ կարող է այնպիսի արդյունք ապահովել, որ բնակիչը կարողանա այդ հողագործությամբ ապրել: Ես բարձր լեռնային գոտու զարգացումն ու առաջընթացը տեսնում եմ ինչ-որ արտադրամասերի գործարկմամբ, ստեղծմամբ: Թեթեւ արդյունաբերության ճյուղերի արտադրություն հնարավոր է, էկոլոգիապես ինչքան հնարավոր է մաքուր ճյուղերի արտադրություն, որոնք լճի էկոլոգիայի, տարածքի էկոլոգիայի վրա չեն ազդի: Ժամանակին, սովետական տարիներին համարյա բոլոր համայնքներում արտադրամասեր կային: Ազգաբնակչության երեւի կեսից ավելին զբաղվում էին արտադրությամբ:
ԷկոԼուր.
-Գյուղը հիմա ինչո՞վ է ապրում:
Արամ Կատվալյան.
-Գյուղի հողամասերի երեւի 50-60 տոկոսն է մշակվում, անասնապահությունը զարգացում է ապրում, երիտասարդների մի որոշ մասը արտագնա աշխատանքով, եւ թույլատրված է հիմա խեցգետնի որսը, նման աշխատանքներով:
Մայիս 29, 2012 at 14:02
