Սեւանա լճից ջրի բացթողման ծավալների ավելացման օրինագիծը կամային բնույթ է կրում

Սեւանա լճից ջրի բացթողման ծավալների ավելացման օրինագիծը կամային բնույթ է կրում

ԷկոԼուր

Արարատյան դաշտավայրը ոռոգման ջրով ապահովելու նպատակով 170 միլիոն խմ-ի փոխարեն 320 միլիոն խմ ծավալի ջուր Սեւանից բաց թողնելու մասին օրինագիծը կամային բնույթ է կրում: Օրինագիծը Ազգային Ժողով է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Իրականությանը չի համապատասխանում այն հիմնավորումը, որ տարին սակավաջուր է, եւ որ Ազատի եւ Ապարանի ջրամբարները չեն կարող ապահովել ոռոգումը: Հայպետհիդրոմետ ծառայությունը չի հաստատում, որ 2012 թվականը սակավաջուր տարի է: Իսկ ջրամբարների լցվածության մասին տվյալները խոսում են այն մասին, որ ցուցանիշները համապատասխանում են, օրինակ, 2009թ. ցուցանիշներին, երբ Սեւանից ջրի բացթողումները համապատասխանում էին օրենքի պահանջին:

Չնայած դրան` ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը` Սամվել Բալասանյանի նախագահությամբ, դրական եզրակացություն տվեց օրինագծին: Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը եզրակացրեց, որ բացթողումները կարող են ավելացվել մինչեւ 280 միլիոն խմ: Բնապահպանության նախարարությունը մինչ օրս չի հրապարակել իր պաշտոնական դիրքորոշումը:

Չնայած նրան, որ օրինագիծը դիտարկվել է ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում, եւ խորհրդարանում այս հարցի քննարկման գործընթացը նոր է սկսել, Սեւան-Հրազդան ջրատարով Սեւանի ջուրը դեպի Արարատյան դաշտավայր է հոսում դեռ մայիսի սկզբից, թեպետ, սովորաբար, ոռոգման սեզոնը սկսում է հունիսի 15-ից:  Այսինքն, կառավարության առաջարկությունից մեկ ու կես ամիս առաջ` ամենաջրառատ սեզոնին, Սեւանից սկսեցին ամբողջ թափով ջուր բաց թողնել: Եւ հիմա ջրատարը մինչեւ վերջ լցված է ջրով:   Նույն Արարատյան դաշտավայրում հողագործները բազմիցս դիմել են իշխանություններին` խնդրելով թույլ տալ վճարել ոռոգման ջրի համար այն ժամանակ, երբ բերք կստանան: Բայց որեւէ  զիջում հողագործների համար չի արվել եւ չի արվում: Գումար չկա, մի ջրիր: Հողագործների ցածր վճարունակության պատճառով հողերը չեն մշակվում: Հողերի աղակալման գործընթաց է գնում: Արարատյան դաշտավայրում մոտ 30 հազար գյուղատնտեսական նշանակության հող աղակալված է:  

Այս ֆոնի վրա կառավարությունը խոսում է հողագործների կարիքների մասին, եւ իջեցնում է Սեւանա լճի մակարդակը: Մեր կարծիքով` կառավարության այդ առաջարկության հիմքում այլ պատճառներ են ընկած, եւ եթե դրանք  էական են եւ ունեն իրական հիմք, ապա մենք իրավունք ունենք այդ մասին իմանալ:



Հունիս 21, 2012 at 14:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր