Կառավարությունում չեն շտապում մեկնաբանել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը

Կառավարությունում չեն շտապում մեկնաբանել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը

ԷկոԼուր

ՀՀ կառավարության աշխատակազմում չեն շտապում մեկնաբանել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը:

Երկրորդ օրը պարզաբանում ստանալու փորձերից հետո ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական Նարինե Մնացականյանը ԷկոԼուրին հայտնեց. «Քանի որ այդ հարցով շատ են դիմողները, մենք պատրաստում ենք հիմնավորում: Ուղարկեք գրավոր հարցում, և սահմանված ժամկետներում կպատասխանենք»:

Արթուր Գրիգորյանն իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց սույն թվականի հունվարի 21-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Ուշագրավ է, որ որոշումն ընդունելու օրը Փաշինյանն աշխատանքային այցով գտնվել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Գրիգորյանի պաշտոնանկությունը մեծ հնչեղություն ստացավ հանրության շրջանում: Քաղաքացիները ՀՀ կառավարությունից պահանջում են հիմնավորում:

Արթուր Գրիգորյանը իր պաշտոնավարումը սկսել էր տեսչական ստուգումների անցկացմամբ Հայաստանի խոշոր հանքավայրերում: Նախ ստուգումներ անցկացվեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում, այնուհետև՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում:

Ամուլսարում ստուգումների արդյունքներով Արթուր Գրիգորյանն առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել այս ծրագրին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը՝ հենվելով հայտնաբերված խախտումների և նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների վրա: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը չէր ընդունել Արթուր Գրիգորյանի որոշումը: Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի տվեց տեսչական մարմնին:

Քաջարանի հանքավայրում 2018 թ-ի սեպտեմբերին մեկնարկած ստուգումներն ավարտվեցին հենց այն օրը, երբ ՀՀ վարչապետը կայացրեց Արթուր Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը: Այսպիսով, Արթուր Գրիգորյանն արդեն չի մասնակցի Հայաստանի ամենամեծ հանքավայրի ստուգումների ամփոփման գործընթացին և որոշման կայացմանը, որի համար նախատեսված է 10 աշխատանքային օր:

Բացի այդ, Արթուր Գրիգորյանի ղեկավարմամբ տեսչական մարմինը որոշում ընդունեց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կանգեցրեց «Արմօյլ» ՓԲԸ-ի աղմկահարույց նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարության կանգնեցման մասին:

Հունվար 22, 2019 at 13:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր