Ամուլսարի պահպանության կողմնակիցներն այսօր` օգոստոսի 18-ին, ժամը 19։00-ին, նախաձեռնել են զբոսանք իրականացնել Ազգային Ժողովի այգու տարածքում իրենց երեխաների մասնակցությամբ: Միջոցառման հեղինակները կոչ են արել քաղաքացիներին այցելել ԱԺ-ի այգի` այդկերպ զորակցություն ցուցաբերով Ամուլսարի պահպանության պայքարին:
«Մեր երեխաները պետք է ապրեն առողջ միջավայրում, խմեն մաքուր ջուր, հանգստանան Ջերմուկի առողջավայրում։ Ջերմուկից ընդամենը 7 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարը հանքի վերածելու պարագայում Ջերմուկը՝ որպես առողջարանային համալիր և տուրիստական կենտրոն, կվերանա։ Միևնույն տարածքում հանքի և առողջավայրի մեկտեղումը անթույլատրելի է։
Կոչ ենք անում ծնողներին գալ իրենց երեխաների հետ, ցանկության դեպքում՝ մանկասայլակներով, հեծանիվներով, սքեյթբորդներով կամ չմուշկներով։ Միասին կզբոսնենք, կխոսենք մեդիաների հետ առողջ միջավայր ունենալու և առողջության իրավունքների մասին։ Այսօրվա կայացրած որոշումները ազդելու են մեր ապագա սերունդների վրա»,- նշել են Ամուլսարի պահապանները։
Օգոստոս 18, 2020 at 17:23