

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) այլևս չի ֆինանսավորում Ամուլսարի ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից: Օգոստոսի 6-ին ՎԶԵԲ-ի կայքում հրապարակված ««Լիդիան»` (Ամուլսար ոսկու հանք) երկարացում» տեղեկատվական նյութում, մասնավորապես, նշված է.
«Ծրագրի նկարագրությունը»
2015թ․ «Lydian International Limited» ընկերությունն ավարտեց Ամուլսարի ոսկու հանքավայրի հետախուզումը և ապահովեց ֆինանսավորում՝ հանքի շահագործումը մեկնարկելու համար: 2016թ. ՎԶԵԲ-ը «Lydian International Limited» ընկերությունում կատարեց կապիտալի ներդրում, որը հատկացվել էր Բնապահպանական և սոցիալական մեղմացման միջոցառումների ֆինանսավորման համար (ինչպես սահմանված է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականում (ԲՍԱԳ), ներառյալ կենսաբազմազանության փոխհատուցման ծրագրի և ջրի մաքրման կայանի կառուցման ֆինանսավորումը), ինչպես նաև հարակից գործունեության համար:
Տեղեկատվություն հաճախորդի մասին
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը նախկինում հանդիսանում էր հասարակական կորպորացիա՝ գրանցված Ջերսիում, Նորմանդյան կղզիներում և ցուցակագրվում էր Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ընկերության հիմնական ակտիվը Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրն էր: 2019թ. «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը դարձավ անվճարունակ. այդ ժամանակ դիմեց կանադական դատարան իր պարտատերերից պաշտպանվելու համար, ինչը թույլ է տալիս նրան վերակառուցել իր բիզնեսը և ֆինանսական գործերը: Որպես անվճարունակության մասին դատաքննության մի մաս, ընդունվեց կորպորատիվ վերակազմավորման պլան, որի արդյունքում ընկերության առկա ավագ վարկատուները «Lydian Canada», «Lydian UK» և «Lydian Armenia» ընկերություններում տիրապետում և վերահսկում են ակտիվները, մինչդեռ «Լիդիան Ինթերնեշնլը» պետք է անցնի փակման ընթացակարգ Ջերսիի իրավասու դատարանում: 2020թ․ հուլիսի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքավայրը պատկանում է «Lydian Ventures of Canada»-ին, որտեղ ՎԶԵԲ-ը բաժնետեր չէ: ՎԶԵԲ-ը շարունակում է մնալ բաժնետեր «Lydian International of Jersey»-ում, որը ներկայումս ակտիվներ չունի: Վարկատուները դիմելու են Ջերսիի դատարան, որպեսզի ընկերությունը լուծարվի:
ՎԶԵԲ-ի ֆինանսական ամփոփագիր
Բանկը, որպես իր կապիտալի ավելացում, ներդրել է 11.4 միլիոն կանադական դոլար՝ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության բաժնետոմսերը գնելու համար: Միջոցները օգտագործվել են ծրագրի շրջանակներում Բնապահպանական և սոցիալական մեղմացման միջոցառումների ֆինանսավորման համար: ՎԶԵԲ-ը ներդրումներ չի կատարել «Lydian Ventures» ընկերությունում և ֆինանսական հետաքրքրություն չունի այդ ընկերության նկատմամբ:
Բնապահպանական և սոցիալական ամփոփագիր
«Ծրագրի համար կազմվել է ԲՍԱԳ, և ՎԶԵԲ-ը ակտիվորեն հետևում էր ԲՍԱԳ-ի իրականացմանը մինչև «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության անվճարունակության պահը, որով և դադարեց ՎԶԵԲ-ի ֆինանսական հետաքրքրությունը Ամուլսարի նախագծի նկատմամբ»:
Ամուլսարի ծրագրում ՎԶԵԲ-ի ֆինանսական հետաքրքրության դադարեցման մասին նշված է նաև բանկի կայքում հրապարակված ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմի գնահատման հաշվետվության մեջ, որը պատրաստվել է Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի 23 բնակիչների բողոքի հիման վրա, որին միացել են «CEE BankWatch» միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը: Բնակիչներն ու կազմակերպությունները բողոքով ՎԶԵԲ-ից պահանջել էին հրաժարվել «Լիդիան» ընկերությանը ֆինանսավորելուց, քանի որ ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում բանկի սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը:
Օգոստոս 13, 2020 at 17:22