Ոստիկանությունն առաջարկում է կասեցնել «Լիդիան Արմենիա»-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան

Ոստիկանությունն առաջարկում է կասեցնել «Լիդիան Արմենիա»-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան

ՀՀ ոստիկանությունն առաջարկում է կասեցնել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեությունը: Առաջարկը ներկայացվել է ոստիկանության ենթակայության տակ գործող լիցենզավորման հանձնաժողովին ՀՀ ոստիկանության իրականացրած վարույթի արդյունքների հիման վրա: Այս մասին օգոստոսի 21-ին ի պատասխան «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության հարցման հայտնել են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ ոստիկանության նամակի` լիցենզավորման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքներով կայացվելիք եզրակացությունը կտեղադրվի ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական կայքում։

Մեկ այլ պատասխան նամակ էլ ՀՀ ոստիկանությունից ուղարկել են ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, որով տեղեկացրել են, որ պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունը քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի` համաձայն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայի: Մինչդեռ Ջերմուկի բնակիչները բազմիցս նշել են, որ պահնորդները զենք են կրում: Բնակիչները ներկայում պահանջում են, որ պահնորդական ընկերությունը հեռանա տարածքից: Ըստ նրանց, պահնորդական ծառայություն իրականացնող նախորդ ընկերության հետ խնդիրներ չեն ունեցել: Իսկ այս ընկերությունը շարունակ սադրանքների է դիմում:

Լուսանկարը` «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնություն

Օգոստոս 24, 2020 at 18:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր