Ջեմուկցիները «Լիդիան Արմենիա»-ի բեռնատարների միջոցով փակել են Ամուլսար տանող ճանապարհը

Ջեմուկցիները «Լիդիան Արմենիա»-ի բեռնատարների միջոցով փակել են  Ամուլսար տանող ճանապարհը

Դեպի Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները ներկայում փակված են Ջերմուկի բնակիչների մարդատար և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բեռնատար ավտոմեքենաներով:

Օգոստոսի 20-ին, երբ Ջերմուկի բնակիչների մեծ մասը ավտոերթով մեկնել էր Երևան, մասնակցելու Ամուլսարի պահպանությանը նվիրված ակցիային, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի վարձած պահնորդական ընկերության աշխատակիցները սադրանքների էին դիմել. հարվածել էին Ջերմուկի բնակիչներից մի քանիսին, տեղաշարժել Ամուլսար տանող պահակակետի մոտ կայանած մեքենաները, տեղում կանգնեցրել իրենց բեռնատարները: Բնակիչները պահանջել են հեռացնել այդ մեքենաները, սակայն բեռնատարները չեն հեռացվել: Ի պատասխան ջերմուկցիներն էլ մեքենաներով և տարբեր իրերով փակել են բեռնատարների ճանապարհը: Այդպիսով բեռնատարները փակել են Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները:

Ամուլսարի պահապանների տեղահանված վագոն-տնակը

Հիշեցնենք, որ օրեր առաջ պահնորդները գիշերով տեղափոխել էին Ամուլսարի պահապանների վագոն-տնակները և տեղում՝ ճամփեզրին, իրենց տնակները տեղադրել՝ պնդելով, որ դա ընկերության տարածքն է: Մի քանի օր տևած բողոքի ակցիաներից հետո Ջերմուկի քաղաքապետարանի և ոստիկանության ուժերով այդ տնակները տեղափոխվեցին մի քանի մետր հետ՝ Ամուլսարի ծրագրի տարածք: Հիմա տնակների տեղում Ընկերության բեռնատարներն են:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին բնակիչներին, որ Ընկերությունը վարձակալել է ճամփեզրի հատվածը: Հարց է առաջանում, թե որ մարմինն է վարձակալության տվել ավտոմոբիլային ճանապարհի ճամփեզրի հատվածը: Նշենք, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են 1-ինից 4-րդ կարգերի ճանապահների համար 30-ից մինչև 70 մետր: Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի տնօրինության տակ և, ըստ էության, այդ մարմինը կարող է որոշում կայացնել այդ հատվածների համար, այլ ոչ տեղական ինքնակառավարման մարմինը:

Օգոստոս 24, 2020 at 16:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր