Դատարանը մասնակի բավարարեց Թեհմինե Ենոքյանի հայցն ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակցի

Դատարանը մասնակի բավարարեց Թեհմինե Ենոքյանի հայցն ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակցի

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող Գնդեվազ գյուղի բնակիչ Թեհմինե Ենոքյանի և այդ ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից Հովսեփ Ասոյանի միջև դատական վեճն ավարտվել է Թեհմինե Ենոքյանի հաղթանակով:

Թեհմինե Ենոքյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վիրավորելու համար Երևան քաղաքի իրավասության դատարանը պարտավորեցրել է Հովսեփ Ասոյանին վերջինիս օգտին 200 հազար դրամ բռնագանձել և հրապարակավ ներողություն խնդրել:

2018 թ. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ամուլսարի շահագործման կողմնակից, «Vahagn Hovhannisyan» անունով օգտատերն իր էջում հրապարակել էր Թեհմինե Ենոքյանի Գնդեվազի տան լուսանկարը ոչ պատշաճ մեկնաբանությամբ:

Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա քրեական գործ էր հարուցվել: Գործի քննությամբ պարզվել էր, որ զրպարտող լուսանկարներ հրապարակած «Vahagn Hovhannisyan» օգտատերի էջը վարում է «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից Հովսեփ Ասոյանը: Ի սկզբանե ՀՀ քննչական կոմիտեն կարճել էր գործը հանցակազմի բացակայության պատճառով: Ըստ կոմիտեի` Թեհմինե Ենոքյանը հասարակական գործունեություն է ծավալել և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելի են այդ լուսանկարների հրապարակման առնչությամբ: Թեհմինե Ենոքյանը, սակայն, բողոքարկել էր կարճման մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն: 2019 թ. ապրիլի 29-ին էլ հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հովսեփ Ասոյանի՝ վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և 1 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրելու պահանջների մասին: Դատարանը մասնակիորեն էր բավարարել հայցադիմումի պահանջը՝ 1 միլիոնի փոխարեն պարտավորեցնելով Հովսեփ Ասոյանին վճարել 200 հազար դրամ:

Թեհմինե Ենոքյանը դատարանի այդ վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարանում:

 

 

Օգոստոս 18, 2020 at 16:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր