ԷկոԼուր
Ամուլսարի ոսկու ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերությունը երկու դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ վիճարկելով վերջինիս կայացրած երկու որոշումները: Դատարանը հայցերը վարույթ է ընդունել:
ԷկոԼուրի հետ զրույցում տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը մանրամասնեց. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացրել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում և նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների և այլ խախտումների հիման վրա, այդ թվում կապված ապօրինի ընդերքօգտագործման հետ, կազմել էր ակտ: Ընկերությունը բողոք էր ներկայացրել, որ տեսչական մարմինը բեկանի ակտը, սակայն տեսչական մարմինը համարում է, որ բողոքը հիմնավոր չէ, և որոշում է կայացրել մերժել այն: Այժմ «Լիդիան»-ը դատական կարգով վիճարկում է այդ մերժման որոշումը:
Ստուգման ակտին կից ընկերությանը տրվել է հանձնարարական, այն է՝ ձեռնպահ մնալ ընդերքօգտագործման հետ կապված ցանկացած գործողությունից: Երկրորդ հայցով ընկերությունը վիճարկում է այդ հանձնարարականը»:
Դատական գործերի վերաբերյալ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը իր կայքում հրապարակել է հաղորդագրություն, որում բերված է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժուան Կարելլոյի հայտարարությունը. «Մենք վստահ ենք, որ դատարանը կկայացնի որոշում ի օգուտ «Լիդիան»-ի՝ հիմնվելով Բնապահպանության նախարարության ուսումնասիրությունների վրա, որոնք վերջնականորեն հաստատել են, որ Արթուր Գրիգորյանի՝ «նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների» վերաբերյալ պնդումների համար հիմքեր չկան, նաև հիմնվելով պարոն Գրիգորյանի կողմից շահերի առկա բախման վրա»:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ամուլսարի տարածքում հայտնաբերել էր Կարմիր գրքում գրանցված «Ապոլոն» տեսակի թիթեռ, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» տեսակի բույս: Տեսչական մարմինը բնապահպանության նախարարությանն առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված պետական փորձաքննական եզրակացությունը: Նախարարությունը որոշեց անցկացնել իր ուսումնասիրությունը, որը, ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում նշել էր նախարար Էրիկ Գրիգորյանը, տևել է ընդամենը 1 օր: Եվ այդ 1-օրյա ուսումնասիրության արդյունքում բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը Ամուլսարի հանքավայրի տարածքում չհայտնաբերեց կարմիրգրքյան տեսակները:
Դեկտեմբեր 21, 2018 at 19:02