Գյուղապետ. «Իմ նպատակն է` հեռանալ Հայաստանից»

Գյուղապետ. «Իմ նպատակն է` հեռանալ Հայաստանից»

ԷկոԼուր

Երանոս գյուղի գյուղապետ` Գագիկ Խանսանամյանը հրաժարական է տվել, քանի որ իր բացատրելով, չի կարող այլևս այսպես ապրել և աշխատել. «Հունվարին լրանալու է ուղիղ 10 տարի, որ ես գյուղապետ եմ: Ես ցավով եմ դուրս գալիս, իրոք ամենայն անկեղծությամբ, ստիպված եմ, կան որոշակի հանգամանքներ: Իմ դուրս գալու նպատակը`Հայաստանից գնալն է…անկեղծանամ, ասեմ, ճիշտ է այսօր մեր օրենքներով, երբ գյուղացուն հող են տալիս, դա համարում են աշխատանքով ապահովված: Գյուղացին այդ հողը պիտի մշակի, անասուն պահի, երբ ո′չ հողը, ո′չ անասունը այսօր բավարար եկամուտ  չեն բերում: Հիմնական մեր գյուղատնտեսության մթերքը եղել է կարտոշկան, կաղամբը և կաթնամթերքը:

Միայն ունենք Մալաթիայի շուկան: Գյուղացին բերում մեքենայով կանգնում էր, շուկայի տերը գինը ասում էր 70, 80 դրամ, երբ այդ նույն կարտոշկեն քաղաքացու վրա վաճառում են 150-160, 200 դրամով: Ձեռ տալիս է տուր, ձեռ չի տալիս գնա: Տուժում էր և′ գյուղացին, և′ քաղաքացին:

Մի ուրիշ օրինակ էլ բերեմ, այն ժամանակ, երբ վատ էր ժողովրդի վիճակը, կառավարության կողմից նաև հնարավորություն էին տալիս գյուղացուց, փողի փոխարեն, հարկերի դիմաց, մթերք տան: Նախարարությունում պայմանագիր էինք կապում, չնայած էժան էր, բայց էլի ձեռ էր տալիս ժողովրդին: Հետո եկավ Գագիկ Ծառուկյանը: Վարդենիսում ցանեցին 120 հեկտար կարտոշկա, իրենք իրենց սարքեցին այդ մթերումը մրցույթով, որից հետո  այդ հնարավորությունը տվեցին իրենց, էլ գյուղացին չի կարողացել հանձնի… Այսօր մեր մշակող հողերի 20-30 տոկոսն է մշակվում, այդքանն էլ չի մշակվում` ամբողջ մարզում, վստահ եմ դրանում: Ինչ-որ տալիս ենք վիճվարչությանը, դրանք ամբողջը թվեր են, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

2003 թ.-ին, մեր գյուղում, եթե թվերի մեջ չսխալվեմ, 2500 գլուխ խոշոր կենդանիներ ենք ունեցել, այսօրվա դրությամբ 1500 է: Գնալով չի զարգանում, որ ցույց է տալիս մեր գյուղնախարարը, թե զարգացում կա, տարեկան 7 տոկոս, 10 տոկոս աճ կա գյուղատնտեսությունում: Այդ թվերը մեզ տրվում են, մենք տալիս ենք…Գյուղատնտեսությունը բոլոր ժամանակներում էլ վնասով է աշխատում: Երբ որ մեր իշխանությունը այսօր աչք է փակում  դրա վրա, պահանջում է, որ գյուղատնտեսությունը զարգանա, բայց դրա հետ միասին կառավարությունը, գյուղ նախարարությունը, ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում գյուղացուն, որտեղի՞ց զարգանա: Սուտ բաներ են, սուտ թվեր են:

Ես գյուղացի եմ, ես ունեմ ֆերմա, իմ սեփական տնտեսությունը, այս պահի դրությամբ ես վերցրել եմ 100 հզ դոլլարի չափով վարկ բանկից,  որի տարեկան տոկոսը կազմում է 22 տոկոս, երբ որ մենք լավ գիտենք, որ շահույթը 20 տոկոս չի հասնում…Ես ոչ թե պաշտոնով եմ  փող աշխատում, ես ուզում էի կողքից իմ գործը դնել, իմ ընտանիքի գոյությունը պաշտպանել: Բայց ցավոք սրտի, ինչ փորձեցի չստացա, չկարողացա, չարդարացրեց: Գյուղատնտեսությամբ աշխատելը ձեռնտու չէ...Մենք ունենք գյուղից տարբեր տեղեր աշխատող 207 երիտասարդներ, եթե չլինի դուրսը, եթե չլինի Ռուսաստանը, նամանավանդ մեր գյուղերը և կողքի գյուղերը սովամահ են լինելու: Ի շնորհիվ դրսի, այսօր մեր վիճակը, այս ենթաշրջանի վիճակը լավ է… Ցավոք սրտի սա մեր դառը իրականություն է:

Ա′յս երկրում, շեշտում եմ, ես սպասում եմ օր առ օր, մեկ, երկու օրից, կառավարության որոշումը դուրս կգա: Որից հետո, ես վայր եմ դնում իմ լիազորությունները, հանձնում եմ տեղակալին իմ պաշտոնը, երկու ամիս նա կկառավարի, մինչև կլինեն նոր ընտրություններ»:



Հոկտեմբեր 03, 2012 at 18:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր