2014 թվականին նույնպես Սեւանի համայնքները պետական ֆինանսավորում չեն ստանա

2014 թվականին նույնպես Սեւանի համայնքները պետական ֆինանսավորում չեն ստանա

ԷկոԼուր

Չնայած Սեւանա լճի ջրահավաք ավազանի համայնքների ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին` 2014 թվականին պետությունը չի ֆինանսավորի այս համայնքների համար  սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակման համար:  Ինչպես նշված է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2014 թվականի տարեկան ծրագրում, համայնքների համար երկարաժամկետ ծրագրերի մշակումը հնարավոր կլինի միայն միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում:

Սեւանա լճի ավազանի համայնքների համար պետական ֆինանսավորում նախատեսված չէր նաեւ նախորդ տարիներին, մինչդեռ այս համայնքները Հայաստանի աղքատ համայնքներից են: Նրանց տնտեսական գործունեությունը սահմանափակվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով, որով Սեւանա լճի ավազանում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Խիստ կլիմայական պայմանները թույլ չեն տալիս զարգացնել գյուղատնտեսությունը: Գերորսի, ձկների ձվադրավայրերի ոչնչացման հետեւանքով սպառված են Սեւանա լճի ձկների արդյունագործական պաշարները, մնացած չնչին քանակությամբ ձկներին փրկելու համար արգելված է Սեւանում ձկնորսությունը, սակայն ձկնորսները, անտեսելով արգելքը, ապօրինի ձկնորսությամբ են զբաղվում` հացի խնդիր լուծելու համար: Չեն գործում ձեռնարկություններ: Արդյունքում գյուղերը դատարկվում են. մարդիկ ապրուստի միջոց են փնտրում օտար ափերում:

Այսպիսով, ստացվում է, որ պետությունն անտեսում է համայնքների խնդիրները, նույնիսկ, Սեւանի ծրագիրը մշակելիս, այն չի քննարկում նրանց  հետ եւ չի լսում նրանց կարծիքներն ու առաջարկությունները` դրանով իսկ խախտելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը:

Հիշեցնենք, որ 2012 թվականին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի Գեղարքունիքի մարզի «Բլեջան» եւ «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» տեղական հասարակական կազմակերպությունների հետ միասին Սեւանա լճի պետական ծրագրի հասարակական մոնիտորինգ անցկացրեցին Սեւանա լճի ավազանի 40 համայնքերում: Պարզվեց, որ համայնքները չեն մասնակցում ոչ այդ ծրագրի մշակմանը, ոչ իրագործմանը: 

Հոկտեմբեր 07, 2013 at 14:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր