

ԷկոԼուր
Մամուլում տարածված է մեղադրական նամակ ջրօգտագործողների ասոցիացիայի կողմից համաշխարհային համբավ ունեցող երկրաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի հասցեին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ Արարատյան դաշտավայրի ջրօգտագործողների ընկերություններս, անցած ամիսներին շատ ենք լսել «կույր» քննադատություններ՝ ընդդեմ հավելյալ ջրառի, սակայն մեզ առավել վրդովեցրել է ակադեմիկոսի, անվանի գիտնականի խոսքը, անտեղյակությունն իրականությունից ու խնդրի լրջությունից: Ջրբաշյանն անխնա մեղադրում է խորհրդարանականներին՝ «ինչպիսի հեշտությամբ դուք ձեր՝ անկարողություն ասեմ, անընդունակություն ասեմ, շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը». հուզական այս ելույթին ու կտրուկ որակումներին հակադարձում է երկրի Նախագահը՝ իրավիճակի կարգավորման սթափ գնահատականով ու հավասարակշռված մոտեցմամբ՝ հարգարժան գիտնականին հիշեցնելով, որ «ԱԺ-ն ժամանակին Սևանի մասին օրենք է ընդունել, որը սահմանում է, թե տարեկան ինչքան է նախատեսվում բարձրացնել լճի մակարդակը: Իսկ հիմնավորումների հեղինակը Գիտությունների ազգային ակադեմիան է»: Նամակը ամբողջությամբ ընթանում է նման տոնայնությամբ:
Նշենք, որ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կառույցները, աշխատելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի վրա, հաստատել են, որ Սևանից ջրբացթողումների սահմանային ծավալը առավելագույնը 170 միլիոն խմ է: Ջրի բացթողման մեծ ծավալը կհանգեցնի լճի ջրային հաշվեկշռի խախտմանը և կառաջացնի լճի վիճակի վատթարացում, ճահճացում:
2001 թ-ին «Սևանա լճի մասին» օրենքի ընդունումից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեն երկու անգամ ավելացրել է ջրբացթողումները՝ 2008 և 2012 թթ-ին: Երկու անգամ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը չէր տալիս դրական եզրակացություն այդ հարցի վերաբերյալ: ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները կողմ քվերակեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությանը՝ ուշադրություն չդարձնելով հանձնաժողովի եզրակացության վրա: Եվ այսօր էլ հանձնաժողովը, որի լիազորությունները ամրագրված են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում, չի տվել հավանություն ջրբացթողումների ծավալը մինչև 240 միլիոն խմ ավելացնելու առաջարկին:
Ցավոք, ո՛չ Ջրային տնտեսության պետական կոմիտեն, ո՛չ կառավարությունը չընդունեցին գիտնականների և հասարակության ոչ մի առաջարկություն, որոնք ուղղված էին Սևանի համար բացասական հետևանքների մեղմացմանը․ չընդունվեց ոչ ջրբացթողումների ժամկետի սահմանափակման վերաբերյալ առաջարկությունը (5 տարվա փոխարեն 1 տարի), ոչ էլ լճի բացասական հաշվեկշիռ չառաջացնող ջրբացթողումների ծավալի վերաբերյալ առաջարկությունը: Եվ այս առումով ջրօգտագործողների ասոցիացիայի կամ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից արված բոլոր այն հայտարարությունները, որ Սևանը թանկ է իրենց՝ բոլորի համար և ոչ թե միայն բնապահպանների, կորցնում են իմաստը:
«S.O.S. Սևան» նախաձեռնող խմբի անունից մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանին Սևանի ճակատագրի հանդեպ անտարբեր չլինելու համար և գիտնականի այն դիրքորոշման համար, որ նա անհանգստանում է մեր ազգի բարեկեցության համար:
Ապրիլ 26, 2014 at 18:50
