Պետությունը զրկվել է իր բացառիկ ռեսուրսից և դրա դիմաց ոչինչ չի ստացել. փորձագետ

Պետությունը զրկվել է իր բացառիկ ռեսուրսից և դրա դիմաց ոչինչ չի ստացել. փորձագետ

ԷկոԼուր

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Ազգային ժողովը կրճատեց Սևանա լճից մինչև 240 միլիոն խմ լրացուցիչ ջրբացթողումների ժամկետը ՝ 5 տարին դարձնելով 1 տարի,  Սևանա լճի վերաբերյալ բուռն  քննարկումները չեն դադարում:

Հերթական քննարկումը սույն թվականի մայիսի 7-ին տեղի ունեցավ «Մեդիա» կենտրոնում։

«Ճիշտն ասած, չեմ կարող որոշակի կարծիք հայտնել, կա՞ր արդյոք Սևանից լրացուցիչ ջրառի կարիք կա, թե՝ ոչ»,- ասաց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Գուլանյանը: «Սևանի մակարդակի պարագայում մենք երբևիցե բացասական բալանս չենք գրանցել, բարձրացումը առաջ է գնում դանդաղ տեմպերով: Դա պայմանավորված է մի շարք խնդիրներով: Դրանցից ամենախնդրահարույցը ջրի տակ մնացող անտառներն են: Չեմ կարող ասել, թե դա կոնկրետ ում թերացումն է: Տեմպերի դանդաղման հարցում կա նաև բնակլիմայական պայմանների գործոնը նախորդող տարիների ընթացքում»,- նշեց Վահե Գուլանյանը:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի կարծիքով՝ ճիշտ չէ բացարձակ ջուր բաց չթողնել Սևանա լճից, քանի որ  լիճն արդեն հարմարվել է այդ ռեժիմին՝ նշելով, որ 170 միլիոն խմ ջրբացթողման  պայմաններում լիճը  ոչ մի վնաս չի կրի:

Ինչ վերաբերում է այն վարկածին, որ Սևանից ջրի լրացուցիչ բացթողումները կապված են ափամերձ շինությունները փրկելու հետ, Վահե Գուլանյանն ասաց. «Ինչ-որ օբյեկտի համար լճից ջուր բաց թողնելը  ուղղակի ծիծաղելի է: Աշխատանքներ են տարվում, բոլորի կողմից կատարված ապօրինի շինությունները հաշվարկված են, դրա վերաբերյալ կա իշխանությունների որոշակի դիրքորոշում, որ պետք է միանշանակ դրանք ապամոնտաժել, որևէ մեկի օբյեկտ չի մնալու, առանց բացառության»: 

Վահե Գուլանյանի հետ համաձայն չէ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: «Այդ հարցը քննարվում է 10 տարի, բայց ոչ մի մեխանիզմ չկա: Այնտեղ միլիոների ունեցվածք կա, չես կարող վերցնել և ոչնչացնել դա, այդ տները պետք է մի ձևով փրկել և փրկում են»,- ասաց Ինգա Զարաֆյանը: 

«1978թ-ից ի վեր կառուցապատումը թույլատրվել է միայն 1908 մ  բացարձակ նիշից բարձր տարածքներում: Թող չանեին այդ կառույցները և այսօր էլ ջրի տակ մնալու ռիսկ չլիներ»,- արձագանքեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը: 

«Երբ Սևանա լճի վրա լինի որևէ բացասական հետևանք, այդ ազդեցությունը միանշանակ կանխվելու է: Ես դա ասում եմ ոչ միայն որպես պաշտոնական անձ, այլ նաև որպես Սևանցի: Ոչ ոք չի կարող ասել՝ միանշանակ իջնելու է, թե՝ ոչ: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ մեթոդով են որոշել՝ կիջնի, թե կբարձրանա լճի մակարդակը: Իմ կարծիքով՝ մակարդակի բացասական բալանս չի լինի, եթե նույնիսկ արձանագրենք, այդ մի քանի սմ որոշակի ազդեցություն չի ունենա լճի վրա։ Եթե տեսնենք, որ ազդեցություն է ունենում լճի վրա, միանշանակ բոլոր գործողությունները դադարեցվելու են: Ես չեմ ուզում հավատալ, որ պետք է բացասական բալանս գրանցվի»,- լավատեսորոն հայտնեց Վահե Գուլանյանը: 

Ի պատասխան՝ Ինգա Զարաֆյանը նշեց. ««Սևանա լճի մասին» օրենքն ընդունվել է, որ Սևանը բացասական բալանս չպետք է ունենա, օրենքում ասված է, որ մակարդակը պետք է բարձրանա մինչև 6 մետր: Մենք սա ունենք օրենքով ամրագրված, չափանիշների մասին խոսք չկա: Որտեղի՞ց  Դուք, պարոն Գուլայնյան,  վերցրեցիք մոդելներ և չափանիշներ: Օրենքը հստակ սահմանում է, լիճը բացասական բալանս չպետք է ունենա»:

«Ջրի բացթողումների վերաբերյալ երբևիցե «Սևան» ազգային պարկին չեն հարցնում, դա Սևան ազգային պարկի լիազորություններից դուրս է»,- ասաց Վահե Գուլանյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե ով ինչ  է որոշելու, բացասական բալանս գրանցվեց, իրենց ձայնը տեղ է հասնելու: 

Այն, որ  Արարատյան դաշտի գյուղացիները ունեն ջրի ոռոգման կարիք, ներկաները չժխտեցին, սակայն չհամաձայնեցին բավարարել այդ կարիքը Սևանի հաշվին: «Արարատյան դաշտում գյուղացիներն ունեն  ոռոգման ջրի կարիք, բայց ոչ  Սևանի հաշվին: Նրանք բողոքում են ջրի շատ վատ կառավարումից և նշում են, որ Սևանի ջուրը, միևնույն է,  իրենց չի հասնում, ընդհակառակը, ամեն ինչ արվում է, որ ջուրը վաճառվի գյուղացուն: Սևանի ջրի բացթողումը գյուղացու խնդրի հետ ոչ մի կապ չունեցող միջոցառում է»,- քննարկման ժամանակ նշեց Ինգա Զարաֆյանը:

«Պատճառաբանությունները, որոնցով Սևանից բացթողումների ավելացման նախաձեռնությամբ հանդես է գալիս Ջրպետկոմիտեն, միշտ լինում է շատ տարբեր և միշտ սուտ է լինում: Որպես ապացույց ներկայացնեմ  հետևյալ փաստերը. 2008 թ-ին 320 միլիոն խմ բաց են թողել Սևանից՝ պատճառաբանելով, որ երաշտ է։ Հիդրոմետը ամաչելով շատ կամաց ասում էր՝ գիտեք ինչ, երաշտ չի: Վերջապես երկու տարի անց բացատրել են, որ դա երաշտ չէր, ուղղակի երաշտի նշաններ էին, հետո դրանից էլ հրաժարվեցին և սկսեցին խոսել բնակլիմայական պատճառներից, թե դա ինչ է նշանակում, ոչ ոք չի հասկանում:  Երբ 2012 թ-ին նորից հանդես եկան ավելացման բացթողումների առաջարկով, մենք տեսանք, որ ջրամբարների լցվածությունը նորմայի մեջ է: Հաստատեցին այդ առաջարկությունը, և մենք  ունեցանք բացասական բալանս 2 սմ-ով, իսկ բնապահպանության նախարարությունը պնդում է , որ չենք ունեցել: 2013 թ-ին Ջրպետկոմն էլի նույն պատճառն է բերել, որ երաշտի տարի է լինելու և պետք է ապահովենք Արարատյան դաշտը ջրով, բայց երբ նրանք այդ առաջարկությունով հասան կառավարություն, այդ տարի 4 ամիս անընդհատ անձրևներ եկան, և նրանք այդ պատճառաբանությունը հանեցին: Մենք գնացել ենք Արարատյան դաշտ և մի համայնքում  Մասիսի շրջանում, ձկնաբուծարանի տերը  ( խնդրել է  անունը չտալ, որ ճնշում չլինի), ասաց. ես պատրաստ եմ հենց հիմա անցկացնել այդ համակարգը և ավելորդ ջուրը ոչ թե թափեմ Սևջուր և Արաքս, այլ տանեմ և մատակարարեմ այդ ջրով գյուղացիներին: Երկու անգամ նրանք դիմել են կառավարությանը և մերժում են ստացել, որովհետև այդ ջուրը անվճար պետք է հասցվեր գյուղացիներին, բայց գյուղացիներին ստիպում են վճարովի ջուր վերցնել ասոցիացիայից: Մենք չունենք ճիշտ պատճառաբանություն, չենք հավատում մեր կառավարությանը և միանգամից հասկանում ենք, որ Սևանի ջուրը նախ և առաջ բաց է թողնվում նրա համար, որ չբարձրանա լճի մակարդակը»,- հայտարարեց Ինգա Զարաֆյանը: 

«Քանի որ ջուրը բաց թողնելու հիմնավորումը կապված է 8000 հա ոռոգելի հողերի հետ, սակավաջրության հետ, մի գուցե այս տարի դրա կարիքը կա, բայց ավելի ճիշտ կլինի խոսել պատճառի մասին»,- ասաց բնապահպանական փորձագետ Էրիկ Գրիգորյանը:

«Չդիտարկենք Սևանը որպես ջրամբար, երբ ուզենք ջուրը բաց թողնենք, որովհետև այն բացառիկ էկոհամակարգ է,- նշեց Էրիկ Գրիգորյանը՝ թյուր կարծիք համարելով այն, որ սակավաջրությունը կապում են բնակլիմայական պայմանների հետ,- 2007 թ-ի դրությամբ Արարատյան արտեզյան ավազանից ջրառը կազմել է մաքսիմալ հնարավոր 35 խմ/վրկ ծավալը: 2008-2013թթ.  ընթացքում բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը միայն ձկնաբուծության նպատակով 203 լրացուցիչ ջրօգտագործման թույլտվություն է տվել: 2013 թ-ին արդեն ջրառը Արտեզյան ավազանից 57 խմ/վրկ է կազմել: Երևան մտնում է մոտ 15 խմ/վրկ ջուր, որից, ըստ տվյալների,  80 տոկոսը կորում է: Այսինքն, Երևանում բնակվող 1-2 միլիոն բնակչությունն ընդամենը օգտագործում է 2 խ/մ վրկ ջուր»:

«Մենք ունենք Հայաստանում երկու խոշոր ջրավազան՝ Սևանա լիճ և Արարատյան արտեզյան ավազան: Բարեբախտաբար, Սևանա լիճը պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով, «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով, և դրա հաշվին մենք ունենք լրացուցիչ դրական տենդենցներ, իսկ Արարատյան արտեզյան ավազանը սկզբունքորեն որևիցե օրենքով պաշտպանված չէ, և դրա հետևանքով մենք ունենք այս աղետալի իրավիճակը»,- նշեց Էրիկ Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ պատճառը աննախադեպ չափով  ջրօգտագործումն է, հիմնականում ձկնաբուծարանների կողմից: «Ձկնաբուծության համար ջրօգտագործման բնօգտագործման վճարը ընդամենը 5 լումա է 1 խմ համար, և հաշվել, որ այս լրացուցիչ ջրօգտագործման ծավալների համար պետությունը ինչ-որ օգուտ է ստացել, չի ստացել: Ջրօգտագործման թույլտվության վճարն ընդամենը 1000 կամ 10 000 դրամ է՝ կապված իրավաբանական, թե ֆիզիկական անձ է: Ձկնաբուծության արտադրանքը որպես գյուղատնտեսական արտադրանք ազատված է հարկից: Իհարկե, որոշակի մարդիկ, որոշակի ձկնարդյունաբերողներ զգալի օգուտներ են ստացել, բայց պետությունը զրկվել է իր բացառիկ ռեսուրսից ՝ Արտեզյան ավազանից և դրա դիմաց ոչինչ չի ստացել: Հիմա ասում ենք՝ սա վատ ենք կառավարել, իրավիճակը վատ է, եկեք այն մյուսը, որը ավելի լավ վիճակում է, օգտագործենք այդ ջրավազանի ջրերը այս մյուսի համար»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: 

Քննարկմանը ներկա ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ Ալյոշա Թարվերդյանը նշեց, որ ջրի պակասի պատճառը միայն ջրասակավությունն է.  «Մեր գետերում ջուրը քիչ է, չի ապահովվում ջրամբարների լցվածությունը»:  Ջրամբարների կառուցման վերաբերյալ  Ալյոշա Թարվերդյանը ասաց. «Այսօր օրակարգում է Եղվարդի ջրամբարի շինարարության խնդիրը, Կապսի ջրամբարի շինարարությունը: Խնդիրը նախկինում չի լուծվել, որովհետև պետք  է ֆինանսավորվեին միջազգային կառույցների կողմից: Այժմ ջրամաբարների շինարարության հարցը նախնական նախագծային փուլերում է, պետք է միայն լուծվի ֆինանսավորման հարցը»: Նա նշեց, որ ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից մշակված է գրաֆիկ Սևանա լճի մակարդակի բարձրացման վերաբերյալ մինչև 3 մետր՝ տարեկան 15 սմ միջին չափով։ Դա  հաշվարկված է,  և այս տարի նույնպես իրենք  կունենան դրական արդյունք: «Մակարդակը ժամանակավոր կիջնի, հետո նորից կվերականգնվի, տարին մենք փակում ենք դրական արդյունքով»,- եզրափակեց Ալյոշա Թարվերդյանը:

Մայիս 08, 2014 at 13:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր