

ԷկոԼուր
Այս տարի Սեւանա լիճ բաց թողնվեց 367.000 հատ մանրաձուկ`167.000 գեղարքունի եւ 200.000 ամառային իշխան: Ըստ բնապահպանության նախարարության` ամառային իշխանի մանրաձուկը Սևանա լիճ բաց է թողնվել նոյեմբերի 3-ին, իսկ նոյեմբերի 11-ին Սևանա լիճ բաց թողնվեց գեղարքունի տեսակի մանրաձուկը, աշխատանքներին անձամբ հետեւում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Կառավարությունը 60 միլիոն դրամ է հատկացրել Սևանա լճում ձկան պաշարների համալրման աշխատանքների համար: Սա կարևոր միջոցառում է մեզ համար, և մենք նախատեսում ենք, որ հաջորդ տարիներին կկարողանանք հենց տեղում ձկնկիթը ստանալ և գետից անմիջական բաց թողնել լիճ», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արամայիս Գրիգորյանը:
Լիճ լցված մանրաձկան պահպանության համար Բնապահպանության նախարարությունը միջոցառումներ է նախատեսել: «Եթե մենք այստեղ աշխատանքներ չիրականացնենք, թողնենք թռչունները մոտ գան, բնականաբար, կորուստներ կունենանք, բայց մեր աշխատակիցները գիշերով պետք է մնան, հերթապահություն իրականացնեն, նաև եթե անհրաժեշտություն լինի օդ կրակելու՝ կրակեն»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:
Անդրադառնալով ձկնագողության խնդրին՝ նախարարը կոչով դիմեց տեղի բնակչությանը, որպեսզի այն ժամանակահատվածում, երբ ձկները ձկնկիթ են տեղադրում, զերծ մնան լճից:
ԷկոԼուրի հարցին՝ վերականգնվո՞ւմ են արդյոք ձկան արդյունագործական պաշարներն այս միջոցառումների արդյունքում, նախարարը պատասխանեց. «Խնդիրը հետևյալն է` ձկան պաշարների հետ կապված հաշվարկները իրականացնում է ազգային ակադեմիան, և մենք չենք կարող ասել, որ մենք այսօր ունենք նման պաշար: Մեր աշխատանքը հենց այստեղից է սկսվում՝ մանրաձուկ ավելացնելով, որպեսզի մենք կարողանանք լճում զարգացնել տեսակները, հետագայի հետ կապված կարողանանք նաև արդյունաբերական նպատակով մոտեցումներ ցուցաբերել: Առաջիկայում նաև նախատեսվում է այս տարածաշրջանում մեծ ձկնաբուծական տնտեսություն հիմնել, որովհետև պետությունը հակում ունի այդ տնտեսությունը ստեղծել հատուկ նպատակային առումով, որպեսզի ձկների պաշարները ամբողջությամբ վերականգնեն: Ամեն տարի 30 տոկոսի չափով մանրաձուկ միանգամից բաց է թողնվելու Սևանա լիճ: Այս պարագայում արդյունավետությունը, բնականաբար, ավելի բարձր կլինի»,- ասաց բնապահպանության նախարարը:
Մանրաձուկն ձեռք է բերվել «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսի 20-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արևաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրերի հիման վրա: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո 3 օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրին հարակից տարածքներում: Իսկ «Սևան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման վայրում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:
Նոյեմբեր 12, 2014 at 12:51


