

ԷկոԼուր
«Սևան Ակվա» ՓԲԸ-ն մտադիր է Փոքր Սևանում ձկնաբուծական 4 նոր տնտեսություն հիմնել` ընդհանուր 48 ցանցավանդակով: Ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքին հարող հատվածում նախատեսվող ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Հանրային լսումները նախատեսված են հունիսի 7-ին` ժամը 15.00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Բերդկունքի համայնքապետարանում:
Ցանցավանդակների համալրման ծրագիրն իրականացվելու է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում:
2016թ. հուլիսից Սևանա լճում` Կարճաղբյուր գյուղին հարող տարածքում, «Սևան Ակվա»-ն շահագործում է 12 ցանցավանդակից բաղկացած ձկնաբուծական տնտեսություն: 2017թ-ին նախատեսվել է մոնտաժել 12 ցանցավանդակներից բաղկացած ևս մեկ տնտեսություն, որում կաճեցվեն «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների մանրաձկները: Հաշվարկվել է, որ 12 ցանցավանդականոց 1 տնտեսության արտադրողականությունը տարեկան կկազմի 685 տոննա: Ցանցավանդակներում տարեկան կտրվածքով կլցվի ավելի քան 4,000,000 հատ մանրաձուկ: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտադրված ձկան ամեն տոննայի դիմաց շրջակա միջավայր է արտանետվում 132 կգ ազոտ և 25 կգ ֆոսֆոր (Islam, 2005)»,- նշված է հայտում: Նշենք, որ ազոտն ու ֆոսֆորը նպաստում են լճի ճահճացմանը:
Կառավարությունն ամեն կերպ աջակցում է այս ծրագրի իրականացմանը: Հիշեցնենք, որ 2017թ-ի գարնանը գործադիրը որոշեց 2 միլիարդ դրամ նվիրաբերել «Սևան ակվա» և «Սևանի իշխան» ՓԲԸ-ների 100 տոկոսանոց բաժնետեր Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին` Սևանա լճում ձկնաբուծության համար 12 ցանցավանդակներից բաղկացած ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն տեղադրելու համար: Գործադիրի մյուս որոշումներով էլ «Սևան ակվա» ՓԲԸ-ն ձկնաբուծական նոր տնտեսություն հիմնելու համար ազատվեց մաքսատուրքից, և երկարաձգվեց վերջինիս կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Սևանա լճում ցանցավանդակային եղանակով ձկան աճեցումը սկսվել է 2012թ-ից: Նախաձեռնողների կողմից մինչ այժմ բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերից սա միակն է, որտեղ մանրակրկիտ նկարագրված է ցանցավանդակային տնտեսությունների բացասական ազդեցությունը ջրային էկոհամակարգի, ձկնաշխարհի, մարդու առողջության վրա:
Հայտում որպես ռիսկեր նշվում են.
• ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում
• ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում
• գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ
• ցանցավանդակները որպես ֆիզիկական վտանգ կամ պատնեշ այլ կենդանիների համար
• տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում
• տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ
• շահագրգիռ կողմերի հակամարտություն:
Որպես բացասական ազդեցության բացառմանն ու նվազեցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագիր` հայտում նշվում է, որ նախատեսվել են և իրակացվում հետևյալ միջոցառումները.
• Ձևավորվել է մոնիթորինգայի խորհուրդ, որում ընդգրկվել են շահագրգիռ կառույցների փորձագետներ և ոլորտի՝ ի պաշտոնե և մասնագիտությամբ պատասխանատու անձինք, ովքեր իրականացնում են և վերահսկում մոնիթորինգային հետազոտությունները, վերլուծում են տնտեսություններից ստացված տվյալները, գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա ծրագրի ազդեցությունը, մշակում առաջարկություններ բացասկան ազդեցության նվազեցման և կանխարգելման վերաբերյալ:
• Լճում ցանցավանդակների թիվը և ձկան արտադրության ծավալներն ավելացվում են աստիճանաբար` մոնիթորինգի խորհրդի եզրակացությանը համաձայն, ինչը հնարավորություն կտա վերահսկել հնարավոր արտանետումները և ձեռնարկել այդ արտանետումները նվազեցնող համապատասխան միջոցառումներ:
• Արտադրվող ձկան ծավալները ընդլայնվում են բացառապես միջազգային էկոլոգիական ստանդարտներին համապատասխան, այդ թվում 1մ3 տարածքում բուծվում է առավելագույնը 8 կգ ձուկ, ինչը մոտ 5 անգամ քիչ է ցանցավանդակային ձկնաբուծության միջին արտադրողականությունից:
• Ծրագրի հնարավոր բացասական ազդեցությունն առավելագույնս մեղմելու համար օգտագործվում է և առաջիկայում նույնպես կօգտագործվի աշխարի լավագույն արտադրողների կողմից առաջարկվող էկոլոգիապես կայուն կեր:
• Ցանցավանդակային տնտեսությունից ստացվող շահույթի մի մասը և հիմնադրամին վճարվող մյուս գումարները կուղղվեն բնապահպանական միջոցառումների իրականացմանը:
• Կշարունակվի կերակրման նորմաների օպտիմալացման և կերակրման գործընթացների վերահսկումը` առավելագույնի հասցնելով ցանցավանդակի ձկների բնական կերով սնման չափը:
• Ցանցավանդակներում տեղադրել կոլեկտորներ, որոնք կհավաքեն ձկների կոշտ արտաթորանքը և սատկած ձկներին ու պարբերաբար կմաքրվեն պոմպերի միջոցով:
• Անհրաժեշտության դեպքում ցանցավանդակների տակ տեղադրել թթվածին մղող սարքավորումներ, ինչը կնպաստի օրգանական նյութի քայքայմանը:
Ինչ վերաբերում է ձկների հիվանդացությանը, քիմական աղտոտմանը, փախուստին, մակաբույծների փոխանցմանը վայրի ձկնատեսակներին, ապա այս կապակցությամբ Հայտի բնապահպանական ծրագրում ստույգ հիշատակում չկա: Նշենք, որ այս տարի լուրեր շրջանառվեցին, որ Սևանա լճի սառցակալման հետևանքով ցանցավանդակներ են պատռվել, և ձկները փախել են: Այս լուրը պաշտոնապես ոչ հերքվեց, ոչ հաստատվեց:
Սևանում ձկնաբուծական բիզնես զարգացնող այս ծրագրի հեղինակներն այն անվանում են բնապահպանական: Այս կապակցությամբ «Սևան ակվա»-ի հայտում նշվում է. «Հարկ է նշել, որ ըստ նախագծի, գործունեության հիմքում դրված է բնապահպանական խնդիր, այլ ոչ թե առևտրային նպատակ, հետևաբար, պետք է արգելել բոլոր սելեկցիոն և կենսախթանիչների օգտագործմամբ աշխատանքները՝ իշխանին բնորոշ բազմացման և բնական աճի պայմաններին չմիջամտելու համար: Դա պետք է ամրագրված լինի վերոնշված տնտեսությունների շրջակա միջավայրի կառավարման պլանների մեջ»: Այս պարագայում ուշագրավ է, որ «Սևան ակվա»-ի գործընկեր «Սևանի իշխան» ՓԲԸ-ն, որից «Սևան ակվա»-ն գնում է մանրաձուկ ցանցավանդակներում աճեցնելու համար, բնապահպանական փորձաքննության է ներկայացրել ձկան սելեկցիոն տնտեսություն կառուցելու հայտ: «Սելեկցիոն տնտեսությունում է հիմնականում ձևավորվելու ապագա ծնողական կազմը, որից հետագայում ստացվելու է Մանրաձկան գործարանի մանաձուկը և ցանցավանդակներում աճեցվող ապրանքային ձուկը»,- նշված է «Սևանի իշխանի» հայտում: Նախատեսվում է յուրաքանչյուր տարի՝ ձկնապաշարների վերականգնման նպատակով Սևանա լիճ բաց թողնել արտադրված մանրաձկան մինչև 25%-ը:
Սելեկցիոն տնտեսության կառուցման հայտի լսումները նշանակված են հունիսի 7-ին, ժամը 12:00-ին` Գեղարքունիքի Կարճաղբյուր համայնքում:
Հունիս 06, 2017 at 16:24
