

ԷկոԼուր
Սևանա լճի ափամերձ անտառային տարածքների մաքրման համար պետական բյուջեով հատկացված գումարները 2015թ-ի համեմատ 2017թ-ին կրկնակի կրճատվել են: Այդ ընթացքում մաքրվել է ընդհանուր 300.33 հա անտառածածկ տարածք: Ինչպես Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանի հարցման ի պատասխան նամակով հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, 2015թ. մաքրվել է 142,5 հա տարածք, ծախսվել` 179201.82 հազար ՀՀ դրամ: 2016թ. մաքրվել է 93.83 հա տարածք, ծախսվել` 116014.9 հազար ՀՀ դրամ: 2017 թ-ի համար պետական բյուջեից հատկացվել է 83.875 միլիոն դրամ՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճի ջրածածկվող 64.0 հա տարածքների մաքրման համար։ Նշենք, որ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եվ օգտագործման 2017 թվականի միջոցառումների տարեկան ծրագրով 2017թ-ին լճի շրջակայքի շուրջ 93 հա անտառաշերտերի մաքրման համար նախատեսվել էր 125.400.0 հազար դրամ:
2015-2017թթ․ ընթացքում ջրածածկ տարածքների մաքրումից առաջացել է ընդհանուր 15263.798 խմ փայտանյութ: 4687.358 խմ փայտանյութը պայմանագրերի համաձայն տրամադրվել է մաքրումն իրականացնող ֆիզիկական անձանց։ 10576,44 խմ փայտանյութը մուտքագրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահեստ և իրացվել է։
Հովհաննես Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո «Վոթերմաստեր կլասիկ 3» սարքը ՀՀ կառավարության 13.01.2011թ. N 8-Ն որոշմամբ անհատույց օգտագործման է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին: «Վոթերմաստեր կլասսիկ 3»-ի սարքի օգնությամբ 2015 թ-ին մաքրվել է 38 հեկտար տարածք, ծախսվել`13102.3 հազար դրամ: 2016 թ-ին մաքրվել է 29.25 հեկտար, ծախսվել` 14898.81 հազար դրամ:
Դեկտեմբեր 21, 2017 at 19:08
